Հռիփսիմե Խուրշուդյանին չեն որակազրկելու
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 26-ին տարածել էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությունն առ այն, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնության ընթացքում որոշ մարզիկ-մարզուհիների մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչների որոշակի քանակություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հրապարակված մարզիկների թվում էր նաև Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած +75 քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում մոտ արգելված մելդրոնատի չափաբաժին է հայտնաբերվել:
Խնդրի առիթ պարզաբանում է տվել Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը. «Հակադոպինգային համաշխարհային գործակալությունն ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»:
Այսպիսով՝ չնայած Հռիփսիմե Խուրշուդյանի անունը նշված էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում ռուսաստանցի Լեյսան Մախիյանովայի և լեհ Կժիշտոֆ Շրամյակինի հետ մեկտեղ, Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար: