«ԵՏՄ-ից դուրս գանք՝ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն»
«Միշտ էլ դժգոհություն հայտնել ենք, ինչ-որ տեղ՝ նաև հիասթափություն, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամուն զենք է վաճառում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ այս մասին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ ինչքան էլ ռուսները փորձեն արդարացնել դա՝ և՛ ռազմավարական, և՛ տնտեսական հաշվարկներով, դա մեզ համար չի կարող հասկանալի լինել. «Մենք տեսանք՝ ինչպես այս պատերազմի ընթացքում բավականաչափ շատ օգտագործվեց նաև այդ զինատեսակներից, որ Ադրբեջանը գնել էր Ռուսաստանից, կարծում եմ՝ անհրաժեշտ է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ իսկապես բարձրացնել ոչ միայն՝ ղեկավար անհատների միջև հարաբերությունների, այլ դա լինի ինստիտուցիոնալ, որպեսզի մենք կարողանանք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պահել մեր ցանկացած մակարդակին՝ անկախ նրանից՝ ով կլինի Ռուսաստանում իշխանությունը»:
Կ. Մանոյանը կարծում է՝ ինչքան մեր շահերից է բխում, որ Ռուսաստանը լինի մեր ռազմավարական գործընկերը, այնքան էլ Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի իր ռազմավարական գործընկերը. «Այսինքն՝ մեզ սիրել-չսիրելու հարց չկա այստեղ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է դարձել, որովհետև սիրում է մեզ, ոչ, որովհետև իր շահերից է բխում, իսկ եթե այդպես է, ինքը պետք է իր պարտավորություններն իրագործի: Մենք էլ պետք է մեզ պահենք այնպես, որ ինքը ստիպված լինի իր ստանձնած հանձնառությունները կատարի»:
Հարցին՝ ճի՞շտ է այս պահին ԵՏՄ-ից դուրս գալը՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ-ի օգուտները տնտեսագետներին առանձնապես տեսանելի չեն, քաղաքական առումով էլ՝ մյուս անդամ երկրներն ավելի շատ ադրբեջանամետ են, Կ. Մանոյանը պատասխանեց, որ անլրջություն կլինի հիմա ԵՏՄ-ից դուրս գալը: «Այսինքն՝ դուրս գանք՝ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն: Մենք պետք է հետապնդենք, որ ամեն մեկն իր պարտավորությունը կատարի, հիմա չեն կատարում, մեր երազած գործընկերները չեն, բայց տարբեր նկատառումներով որոշվեց մտնել, պետք է շարունակենք գործեր անել, հատկապես՝ նկատի ունենալով, որ ինքը շատ երիտասարդ է, ԵՏՄ-ն իրականում դեռ նորմալ չի էլ ձևավորվել, ուրեմն՝ անհրաժեշտ է այդ ուղղությամբ ավելի ակտիվ լինել, որպեսզի մենք կարողանանք այդ ազդեցությունն ունենալ»,- նշեց Կ. Մանոյանը: