Արքայազններ Ուիլյամը և Հարրին ներկա են եղել «Աստղային պատերազմների» 8-րդ դրվագի նկարահանումներին
Բրիտանական գահի ժառանգորդներ Քեմբրիջի դուքս Ուիլյամը եւ նրա եղբայրը՝ արքայազն Հարրին, այցելել են Pinewood Studios կինոստուդիա, որտեղ ընթանում են «Աստղային պատերազմներ» տիեզերական սագայի ութերորդ դրվագի նկարահանումները:
Թագավորական ընտանիքի անդամները եղել են այն տաղավարներում, որտեղ աշխատանք է կատարվում «Աստղային պատերազմներ. ութերորդ դրվագ» ժապավենի վրա, ինչպես նաեւ դիտել են այն ռեկվիզիտը, որն օգտագործվում է կինոսագայի նկարահանումներում, եւ հետեւել են արտադրական գործընթացին: Նրանց ուղեկցել են ամերիկացի դերասան Մարկ Հեմիլը, բրիտանացի դերասանուհի Դեյզի Ռիդլին եւ ռեժիսոր Ռայան Ջոնսոնը: Այնուհետեւ Ուիլյամը եւ Հարրին հրավիրվել են ֆիլմի փակ նախնական ցուցադրությանը, որի պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերին:
Քեմբրիջի դքսի եւ նրա տիկնոջ՝ Քեթրինի պաշտոնական նստավայրում՝ Քենսինգթոնյան պալատում, նշել են, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչների այցը «նպատակ ունի ընդգծել «Աստղային պատերազմների» դրվագների նկարահանումներում գործի դրված բրիտանական ստեղծագործական ընդունակությունների արժեքավորությունը»: Բացի այդ, արքայազն Ուիլյամը Մեծ Բրիտանիայի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի նախագահն է, որի պարգեւների հանձնումը համարում են «Օսկարի» գլխավոր փորձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: