«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը». Շարմազանով
Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր:
Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական իշխանությունների հանցավոր ոտնձգությունները, դրանց հետեւանքները: Խոսելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն այսպես է ձեւակերպել.
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:
Կողմերը մանրամասն քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր: