«ԵԽ ԽՎ-ն չի կարողանալու աչք փակել Ալիևի հանցագործության առջև». Նաիրա Զոհրաբյան

«Ակնհայտ էր, որ ղարաբաղյան հակամարտության վերջին իրադարձություններն անպայմանորեն կքննարկվեն ԵԽ ԽՎ-ում, որի յուրաքանչյուր նստաշրջանում 2 հրատապ թեմա է քննարկվում, վերջին տարիներին հիմնականում Ռուսաստան-Ուկրաինա խնդիրներն էին, իսկ վերջին նստաշրջանում՝ սիրիական ճգնաժամը, և պարզ է, որ այսօր ԵԽ 2 անդամ պետություններին առնչվող լրջագույն խնդիրը չէր կարող չդառնալ հրատապ թեմա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով հրատապ հարցի ներառումը ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում:

Ըստ նրա՝ բնականաբար, Ադրբեջանը կփորձի մոբիլիզացնել իր բոլոր լոբբիստներին՝ իր տեսակետը ներկայացնելու համար: Մյուս կողմից, սակայն, ըստ նրա, եթե միջազգային հանրությունը վերջնականապես չի կորցրել ամոթի զգացումը, նրանք չեն կարող անտեսել հստակ փաստերը, որ նախահարձակ եղել է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանի ԶՈՒ-ի և վարձկանների կողմից կատարված հանցագործությունն ապացուցող փաստերն ակնհայտ են: «Իհարկե, այսօր, ի դեմս ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի, մենք ունենք ոչ թե՝ 47 երկրների վեհաժողովի նախագահ, այլ՝ ունենք ընդամենը Ալիևի մամուլի խոսնակի, որն այն րոպեներին, երբ Թալիշում ադրբեջանցի վանդալները խոշտանգում էին խաղաղ բնակիչներին, այդ ամենն իմանալով հանդերձ, խայտառակ հայտարարություն էր անում՝ պաշտպանելով Ալիևի բռնապետությունը: Այժմ էլ Ագրամունտն ամեն ինչ կանի քննարկման ընթացքն իր վերադաս Ալիևի ցանկացած հունով տանելու համար»:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ շաբաթ օրը եղել է Արցախում, և 1994թ.-ի Արցախյան պատերազմի բովով անցածներն ասում էին, որ այն ժամանակ էլ Ադրբեջանը վանդալ է եղել, բայց այն, ինչ արվել է այժմ մեր զինվորների դիակների հետ, այն ժամանակ չի արվել. «Այս ամենն արձանագրված է Կարմիր խաչի կողմից, տրամադրվել է եվրոպական բոլոր կառույցներին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Հայկական կողմին հանձնված 18 զինվորների դիակները բոլորը խոշտանգված են եղել, և դա կներկայացվի նաև ԵԽ ԽՎ-ում: Եվ եթե այսքանից հետո այդ լրջագույն կառույցը փորձի դառնալ Ալիևի շահերը սպասարկող ամբիոն, մենք իսկապես պետք է լուրջ մտածենք և հետևություններ անենք: Սակայն եվրոպական գրեթե բոլոր խորհրդարանների մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնն են բաձրացրել Ալիևի կատարած հանցագործությունների դեմ, վստահ եմ, որ ԵԽ ԽՎ-ն չի կարողանալու աչք փակել այս հանցագործության առջև»:

ԵԽ ԽՎ նախագահի հայտարարության դեմ բողոքելու վերաբերյալ, որ կոչ էր արել հայկական զորքերը հեռացնել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», Ն.Զոհրաբյանը նշեց, որ հայկական պատվիրակությունն աշխատանքային քննարկումներ է ունենալու մինչև նստաշրջանի սկիզբը, սակայն անձամբ ինքը բարձրացնելու է հարցը, որ ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնը, որը ԵԽ ԽՎ կանոնադրությամբ պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն, զբաղեցնում է մի անձ, որի պաշտոնն ավելի ցածր է Ալիևի խոսնակի պաշտոնից, ու հարց է դնելու՝ համաձա՞յն են, որ այս պաշտոնը զբաղեցնի Ալիևի մամուլի խոսնակը. «Եթե համաձայն են, ուրեմն Ագրամունտը թող շարունակի պաշտոնավարել և համատեղել Ալիևի մամուլի խոսնակի պաշտոնն ու ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնը»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս