Մեդվեդևը չի բացառում, որ ԼՂ հակամարտության սրացման վրա ազդել են արտաքին գործոնները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման վրա ազդել են արտաքին գործոնները: Նման կարծիք է նա հայտնել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող Вести в субботу ծրագրին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:

Նրա կարծիքով՝ ընդհանուր իրավիճակի, մարդկանց տրամադրվածության, այս կամ այն որոշումների կայացման վրա միշտ ազդում է շրջակա միջավայրը: «Ամեն երկրում կան մարդիկ, որոնք տարբեր կերպ են նայում այդ հակամարտության կարգավորման հնարավորությանը՝ և´ նրանց շրջանում, ովքեր որոշումներ են կայացնում, և´ նրանց, ովքեր պարզապես հետևում են, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա մատնանշել է թուրքական գործոնի առկայությունը: «Հավանաբար, այդ թուրքական գործոնը կա գոնե այն պատճառով, որ Թուրքիան հայտնել է իր դիրքորոշումը»,- ասել է ՌԴ վարչապետը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերը, ով Ռուսաստանին ԼՂ «հակամարտության կողմ» էր հայտարարել:

«Փոխարենը՝ հանգստության կոչ անելու, ասելու՝ եկեք նորից վերադառնանք բանակցային սեղանի, եկեք նորից սկսենք քննարկումները, եկեք դադարեցնենք կրակոցները, որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի նորից կրակի վրա յո՞ւղ լցվի: Ա՛յ դա, անկասկած, չի կարող չանհանգստացնել»,- ասել է Մեդվեդևը:

Կարդացեք նաև

Ընդ որում՝ նա նշել է, թե դավադիր տեսությունների կողմնակից չէ: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության առաջացման բնույթը քաջ հայտնի է բոլորին և ուսումնասիրված:

«Փաստացի, այն, ինչին ականատես ենք լինում, անկասկած, այն բանի շարունակությունն է, ինչ ծագել է այդ շրջանում: Սակայն դա չի նշանակում, թե այդ հակամարտությունը զարգանում է անօդ տարածությունում, այնպիսի ստերիլ դաշտում, երբ կողմերը միմյանց հետ կոնֆլիկտի մեջ են: Երբեմն դա անցնում է թեժ փուլի, ուղեկցվում է բանակային օպերացիաներով, զոհերով և այդպես շարունակ»,- նշել է ռուս վարչապետը:

Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի լավ է թողնել «սառեցված» վիճակում, եթե դա թույլ կտա կասեցնել արյունահեղությունը:

«Եթե դուք հարցնում եք ինձ, թե ընտրելով սառեցված վիճակում հակամարտությունը պահպանելու, այսինքն՝ հրաժարում դրա շուտափույթ լուծումից, և մարդկային կյանքի արժեքի միջև, որը զոհաբերվում է հակամարտությունը լուծելու համար, ես ընտրում եմ երկրորդը: Այսինքն՝ ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որը կա, սակայն արյուն չհեղվի»,- ասել է Մեդվեդևը:

Տեսանյութեր

Լրահոս