«Մենք երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը». Սերժ Սարգսյան
«Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն, կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- պատասխանելով գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի ցանկանում, որպեսզի հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նաև հավելել է. ««Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»:
Ս. Սարգսյանը նաև հայտարարել է, թե մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն ահազանգել են համապատասխան մարմիններին և կառույցներին այն մասին, թե ուր է տանում գործը, ինչով կարող է ամեն ինչ ավարտվել։ Միաժաանակ նշել է, թե իրենք առաջարկել են ստեղծել միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի հստակ իմանան` ով է վիճահարույց գործողությունների նախաձեռնողը։
Անդարդառնալով «անսպասելի» սկսված մարտերին, ինչպես նաև կրակի դադարեցմանը, լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞վ է օգնել հասնել նման պայմանավորվածության։ Ի պատասխան Ս. Սարգսյանն ասել է. «Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։ Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ է օգնել հասնել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, ապա Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։