Շվեյցարիան հետաքննություն է սկսել «օֆշորային սկանդալի» բացահայտման պատճառով
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Օլիվիե Ժորնոն հայտնել է քրեական գործ սկսելու մասին՝ կապված մամուլում հայտնված «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետ, որոնք տեղեկություններ են պարունակում խոշոր օֆշորային գործարքների մասին, հայտնում է BBC-ն:
«Մենք որոշել ենք հետաքննություն սկսել՝ կապված «Պանամական փաստաթղթերի» հետ, մանրամասներ հաղորդել այս պահին դեռ չեմ կարող»,- Ժորնոյի խոսքերը մեջբերել են շվեյցարական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է պլանների մասին՝ ստեղծել միջազգային փորձագիտական հանձնաժողով, որը բարձրացնելու է երկրի ֆինանսական համակարգի թափանցիկությունը օֆշորային սկանդալից հետո:
Հիշեցնենք, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տրամադրության տակ էին հայտնվել Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11,5 միլիոն փաստաթղթերը: Ինչպես պնդում են հետաքննության հեղինակները, մի շարք դեպքերում ընկերությունն օգնել է հաճախորդներին փողերի լվացման, հարկերից խուսափման ու տարատեսակ պատժամիջոցներ շրջանցելու հարցում:
Փաստաթղթերում հիշատակվում է 72 նախկին և ներկա նախագահների անուններ, հայտնի ընկերությունների անվանումներ: ICIJ-ի հետաքննությունների արդյունքները հրապարակում են կոնսորցիումի գործընկերները մի շարք առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներից:
Հրապարակումները հիմնված են Mossack Fonseca ընկերության տեղեկատվական արտահոսքի վրա: Հրապարակված նյութերում հիշատակվում են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ընտանիքի անդամները, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մարոկկոյի Մուհամեդ VI թագավորը և Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը, Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի հանգուցյալ հայրը, Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի երեխաները:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, ներկայացված են նաև հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաև՝ շուրջ 40 ժամ տեսագրություններ և այլ տեղեկատվություն օֆշորային գոտու ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ, ըստ փաստաթղթերի՝ Իլհամ Ալիևի կինը, ինչպես նաև՝ նրա քույրն ու երեխաներն օգտագործել են Պանամայում գրանցված իրավաբանական անձանց, որպեսզի «գաղտնի պահեն ոսկի արդյունահանող ընկերություններում ունեցած ու Լոնդոնի անշարժ գույքի իրենց մասնաբաժինները»: