ԵՀՄՖ-ն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ԵՀՄՖ նախագահությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը խիստ դատապարտելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։
ԵՀՄՖ-ն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները։ ԵՀՄՖ-ն համագործակցում է նաև Վերլուծությունների և Կանխագուշակումների Համաեվրոպակամ Կենտրոնի (PANAP) նախագահության անդամների հետ`հնարավոր պատերազմի կանխման և ագրեսորի սանձազերծման ու դատապարտման գործընթացը ծավալելու միտումով։
ԵՀՄՖ-ն և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով: Համաձայն ԵՀՄՖ-ի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի՝ Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ`երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄ-ի սահմանի մոտ։ Սա ոչ այլ ինչ է, քան ԻՊ-ի վրայից ուշադրությունը շեղելու և ահաբեկիչներին օգնելու մի նոր հնարք և սա պետք է հանդիսանա միջազգային հանրության համար թիրախ.պետք է անհապաղ արձագանքել ահաբեկչությունը սատարելու այս գործընթացին և կանխել համանման զարգացումները»: