«Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի ժողովրդի և ՄԽ համանախագահ երկրների նկատմամբ». Շարմազանով
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի քաղաքացիների, նրանց ինքնորոշման իրավունքի, Մինսկի խմբի համանախագահ երկրների և բանակցային գործընթացի դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա անթույլատրելի, դատապարտելի արարք է, որը պետք է կանխվի հենց միջազգային հանրության կողմից: Որովհետև Ալիևը ցույց տվեց, որ անպատժելիութունը ծնում է նոր հանցագործություններ: Ադրբեջանը ցույց տվեց, որ երբ քթին չի ուտում, նման քայլերի է դիմում»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ Ադրբեջանի նման քայլն ահաբեկչություն է նաև Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հանցագործ իշխանությունների նման լկտի և ահաբեկչական պահվածքն արդյունք է նաև միջազգային հանրության ընդհանուր և անհասցե հայտարարությունների և գնահատականների: