«…Տվյալ ուժի նպատակը ոչ թե՝ բովանդակային քննարկումն է, այլ՝ շոուն». Նաիրա Զոհրաբյանը՝ «4+4+4» ձևաչափով փակ քննարկումների ձայնագրությունը տարածելու մասին

«Եղել է պայմանավորվածություն, որ քննարկումը փակ է, բայց այդ փակ քննարկումից արդեն կայքերից մեկը ձայնագրություն է տեղադրել, ո՞վ է տրամադրել ձայնագրությունը, ո՞վ է խախտել պայմանավորվածությունը, ես այսօր այս հարցն անպայմանորեն բարձրացնելու եմ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայքերում սկսեց շրջանառվել «4+4+4» ձևաչափով փակ քննարկումնների ձայնագրությունը: Հայտնի չէ, թե լրատվամիջոցներին ով է տրամադրել այդ ձայնագրությունը:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ այդպիսի երևույթներն են, որ ուղղակիորեն թևաթափ են անում. «Ու հասկանում ես, որ ամեն ինչ սկսում է ինչ-որ անլրջանալ, եղավ պայմանավորվածություն, որ քննարկումը փակ է, ինչո՞ւ է փակ քննարկման ձայնագրությունը հայտնվում կայքերից մեկում, մամուլում, ստացվում է՝ նա, ով տրամադրել է ձայնագրությունը մամուլին, տվյալ ուժի նպատակը ոչ թե՝ բովանդակային քննարկումն է, այլ՝ շոուն, և հրապարակվում են փակ նիստի ձայնագրության այն հատվածները, որտեղ կողմերի միջև տեղի է ունենում վիճաբանություն»:

Հարցին՝ Դուք կասկածո՞ւմ եք՝ ով կարող է տված լինել ձայնագրությունը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ես որևէ մեկի անմեղության կանխավարկածը կասկածի տակ դնելու իրավունք չունեմ, դրա համար ես այդ հարցը մինչև նիստի մեկնարկը բարձրացնելու եմ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս