Ինչո՞ւ տապալվեց Ալիև-Սարգսյան վաշինգտոնյան հանդիպումը, և ինչո՞ւ Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին նույն հարթությունում

168.am-ի զրուցակիցն է Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն

Պարոն Ահմեդօղլու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում չեն ծրագրում, այնինչ ամերիկյան կողմը որոշակի ջանքեր էր ներդրել նման հանդիպում կազմակերպելու համար: Փորձագիտական հանրությունը հանդիպման տապալման մեղքը դնում է Ադրբեջանի վրա, քանի որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը սուր քննադատության ենթարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Ինչպե՞ս եք բացատրում այս երկու զարգացումները, Դուք կապ տեսնո՞ւմ եք:

– Պետք է խոսեմ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գործունեությունից: Երբ նա ԵԽ ԽՎ ղեկավարության հետ հանդիպումներ ունեցավ ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող ԵԽ ԽՎ բանաձևերի բովանդակությունը քննարկելու համար, նույնիսկ խորհրդակցական աշխատանքներ չվարեց ադրբեջանական կողմի հետ: Ի դեպ, դրանից առաջ էլ նա իր դիրքորոշումն էր ներկայացրել այդ բանաձևերի վերաբերյալ, որը բացասական էր: Կարծում եմ, հենց սա սրեց Ադրբեջանի դժկամությունը Մինսկի խմբի համանախագահների և, մասնավորապես, Ուորլիքի նկատմամբ: Հենց այս պատճառով էլ Ուորլիքը չի կարողանում կազմակերպել նախագահների հանդիպում Վաշինգտոնում, թեև նա իրականում մեծ ցանկություն ուներ նման հանդիպում կազմակերպելու:

Հիշո՞ւմ եք՝ անցյալ տարի նա ցանկանում էր նախագահական մակարդակով հանդիպում կազմակերպել, շուրջ մեկուկես տարի ջանք չէր խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Այն ժամանակ ևս այդ ջանքերը տապալվեցին: Այս անգամ ևս նախապես, իհարկե, հայտնի էր, որ Վաշինգտոնում կայանալիք Անվտանգության վեհաժողովին հրավիրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, սակայն ՄԽ գործունեությունը ոչ առաջին անգամ, ի դեպ, հանգեցնում է նրան, որ ՄԽ-ն չի կարողանում դիմել ադրբեջանական կողմին, այսինքն` կորցնում է իր հեղինակությունն ադրբեջանական կողմի աչքում: Կարծում եմ, որ, երբ Ուորլիքն այդ բանաձևերի «դեմ» սկսեց արտահայտվել, Ադրբեջանը տեղում հրաժարվեց ՄԽ համանախագահներին ընդունել Բաքվում, ապա դրան հաջորդեց ՄԽ համանախագահների ցանկությունը՝ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Մյունխենում կայացած Անվտանգության կոնֆերանսի ընթացքում, ադրբեջանական կողմը դրանից ևս հրաժարվեց: Այսինքն` Ուորլիքի չհամաձայնեցված գործողությունները ԵԽ ԽՎ-ում հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանը հրաժարվում է ՄԽ միջնորդական ծառայություններից: Կարծում եմ, որ այս երկու զարգացումների միջև կապ կա:

Երբ սեղանին կա փաստաթուղթ` «թարմացված Մադրիդյան սկզբունքներ» անունով, որը ստորագրված է ՄԽ երեք համանախագահ երկրի նախագահի կողմից, պետք է զբաղվել այդ փաստաթղթով, սակայն մոռանում են այդ փաստաթղթի գոյության մասին, սկսում են փնտրել այլ մեխանիզմներ, փորձում են գտնել նոր մոտեցումներ: Եթե Ուորլիքը և մյուս համանախագահները զբաղվեին այդ փաստաթղթի իրականացմամբ, ապա անհրաժեշտություն չէր առաջանա քննարկել շփման գծում և սահմանին առաջացող լարվածությունները: Այսինքն` նրանք չեն ցանկանում կարգավորել ԼՂ հակամարտությունը, այլ ցանկանում են երկարաձգել ներկայիս ստատուս-քվոն հակամարտության գոտում: Հենց այս պատճառով էլ Ադրբեջանը սրել է իր քննադատությունը՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ-ին:

– Ձեզ հայտնի է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի վերոնշյալ քննադատությանը և պնդել, որ դա իրենց հասցեին չի եղել, և պետք է ադրբեջանական կողմից ճշտել, թե ում նկատի ունի` ապակառուցողական միջնորդ ասելով: Այսինքն` սա պարզապես դիվանագիտական հայտարարություն չէր ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից, այլ հստակ ուղերձ, որ ռուս-ադրբեջանական մոտեցումներն այս հարցում չեն հակասում, և խոսքն ամերիկյան կողմի մասին է:

– Այո, ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ը ու Հայաստանը համարյա թե նույն հարթությունում են, Ռուսաստանն իր խաղն է խաղում, իսկ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հակամարտությունը: Հայաստանի տեսանկյունից` Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, այս պատճառով, երբ 2014 թ. սեպտեմբեր ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մակարդակով հանդիպում կազմակերպեց, երբ Պուտինն առաջ բերեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը, դա հիմնավորեց նրանով, որ երկու երկրներն էլ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ: Մեր նախագահն ընդունեց Պուտինի այդ նախաձեռնությունը, իսկ Սարգսյանը հրաժարվեց, քանի որ գիտեր, որ Ռուսաստանն ունակ է լուծել ԼՂ հակամարտությունը: Մենք Ռուսաստանից դժգոհություններ չունենք, մենք դժգոհ ենք Մինսկի խմբից: Հայաստանը բոլոր լարվածությունների դեպքում դիմում է ԱՄՆ-ին, ինչո՞ւ Ռուսաստանին չի դիմում, կոնգրեսականները բոլոր լարվածությունների ընթացքում նոր նախաձեռնություններով են հանդես գալիս, դիմում Պետդեպարտամենտին, դա միանշանակ Հայաստանի աշխատանքի արդյունքն է: Կարծում եմ՝ հենց այս պատճառով էլ Զախարովան այդպես արտահայտվեց:

– Ինչպես Դուք եք ակնարկում, մի շարք փորձագետներ Երևանում նշում են, որ Ադրբեջանի գինը Ռուսաստանի համար բարձրացել է տարածաշրջանային զարգացումների` մերձավորարևելյան և ռուս-թուրքական լարվածության ֆոնին: Ադրբեջանն էլ, փաստորեն, հրաժարվում է ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից, ու չի բացառվում, որ այս հանգրվանից բանակցային գործընթացի առաջնորդությունը ստանձնի Ռուսաստանը: Ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանից՝ ըստ Ձեզ:

– Անդրադառնամ Ձեր առաջին դիտարկմանը: Գնի բարձրացումն Ադրբեջանի ինքնիշխան տնտեսական և արտաքին քաղաքականության հետևանքն է, որն Ադրբեջանին ավելի ամուր է դարձրել տարածաշրջանում, Ադրբեջանը կարող է արդեն լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ, գործոն լինել, շատ տարածաշրջանային խնդիրներ առանց Ադրբեջանի չեն կարող կարգավորվել, նույնիսկ սիրիական հակամարտությունը, որտեղ Ադրբեջանն իր դերակատարությունը կարող է ունենալ: Ռուսաստանն այս փուլում զբաղվում էր Սիրիայի վերականգնմամբ, սիրիական հակամարտությունում դրական դերակատարություն ստանձնելու ներուժ ունի նաև Ադրբեջանը, հենց այս պատճառով Ադրբեջանն ավելի մեծ գին է ստացել Ռուսաստանի համար: Ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է ավելի խորանան ու ընդլայնվեն, ինչն էլ ներկայումս տեղի է ունենում: Ներկայումս Ադրբեջանի քաղաքականությունն Ադրբեջանին միայն դրականն է տալու: Հայաստանին ևս այդպիսի քաղաքականություն եմ մաղթում, եթե Հայաստանը վարեր նման քաղաքականություն, ապա չէր ունենա պարտքեր, աշխարհաքաղաքական խնդիրներ, այլ տնտեսական օգուտներ, ավելի մեծ աշխարհաքաղաքական կշիռ, քան հայերն են մտածում:

Ռուսաստանի ներկայիս շահագրգռվածությանն անդրադառնալով՝ ասեմ, որ Կրեմլի ու ԱԳՆ-ի վերջին հայտարարություններն ուշագրավ են, շատ հստակ ուրվագծում են, թե ինչում է ռուսակամ կողմը հետաքրքրված: Ռուսաստանը պայքարում է ԱՄՆ-ի դեմ Մերձավոր Արևելքում: Մերձավորարևելյան երկրներն ընդունում են ԱՄՆ-ին՝ որպես կործանիչ, որպես էթնիկ փոքրամասնությունների օգնական, իսկ Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես տարածքային ամբողջականության ջատագով: Ռուսաստանի համար այս սկզբունքը դարձել է մերձավորարևելյան քաղաքականության գլխավոր խաղաքարտը, հենց այս պատճառով Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պետք է քննարկեն կայունացնող սցենարները տարածաշրջանային լարվածությունների հենց այս սկզբունքի հիման վրա:

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով մեկնելու է Բաքու, ի՞նչ պետք է սպասել այս այցից:

– Լավրովի այցի ընթացքում լինելու են ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ հանդիպումներ, քանի որ Իրանի ԱԳ նախարարը ևս այդ օրերին լինելու է Ադրբեջանում: Ակնկալում եմ, որ քննարկումներ են ծավալվելու երկու խոշոր ուղղություններով` երկաթուղային հաղորդակցություն` Հյուսիս-Հարավ ծրագիր, և տարածաշրջանային վերականգնողական գործընթացներ:

Տեսանյութեր

Լրահոս