Բաժիններ՝

Գաղտնի շփման դեպքում սոցիալական ցանցերից մի օգտվեք

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից սոցիալական ցանցերում նամակագրության նկատմամբ վերահսկողության մասին ոչ մի փաստ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մտահոգությանը, թե սոցիալական ցանցերում նամակագրությունը վերահսկվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից: «Իհարկե, մենք պետք է միշտ մեր մտքում պահենք, որ հնարավոր է նման բան: Սակայն դրա մ ասին վկայող ոչ մի փաստ գոյություն չունի: Տեսեք, օրինակ, հեռախոսների գաղտնալսման մասին մենք գիտենք: Կան բազմաթիվ փաստեր, որ թույլ են տալիս պնդել, որ հեռախոսները միանշանակ գաղտնալսվում են, բայց սոցիալական ցանցերում նամակագրության նկատմամբ վերահսկողության մասին վկայող փաստեր չկան»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այս դեպքում շատ կարևոր է գնահատել ռիսկերը: «Օրինակ, շատ միջոցներ վերահսկվում են ամերիկյան և բրիտանական գործակալությունների կողմից, որի մասին մենք գիտենք Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից: Ռուսաստանյան շփման միջոցները մեծ հավանականությամբ կարող են վերահսկվել Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից, որովհետև այնտեղ գոյություն ունի հատուկ օրենսդրություն, որը թույլ է տալիս ծառայություններին վերահսկել սոցիալական ցանցերը: Դրա համար, եթե գաղտնի շփման խնդիր կա, չպետք է օգտվել սոցիալական ցանցերից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ գաղտնի շփումների համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել: «Օրինակ, հեռախոսների համար գոյություն ունի «Սիգնալ» ծրագիրը: Դեռ միանշանակ ոչ մի փաստ չկա, որ այդ ծրագիրը վերահսկվում է ինչ-որ մեկի կողմից: Օրինակ, նույն Սնոուդենն օգտվել է այդ ծրագրից»,- ասաց փարձագետը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Ֆեյսբուք»-ը երբեք չի եղել ու չի էլ լինի վստահելի ու պաշտպանված նամակագրության հարթակ: «Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաև ֆեյսբուքյան սերվերներում: Եթե անգամ որևէ մեկի կողմից նամակագրությունը չի վերահսկվում կա փոքր, բայց հավանականություն, որ ֆեյսբուքյան սերվերները կկոտրվեն և այդ նամակագրությունը կհայտնվի երրորդ անձանց ձեռքերում: Այսպիսի դեպքեր եղել են, դրա համար պետք է օգտվել այնպիսի միջոցներից, որտեղ նամակները միայն երկու հոգու մոտ են և չեն կարող հայտնվել երրորդ մարդու մոտ»,- բացատրեց Ս. Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս