Իսպանիայում ազգայնականները հարձակվել են Մադրիդի ամենամեծ մզկիթի վրա
Մի խումբ ուլտրաաջ ակտիվիստներ այսօր ազդանշանային հրթիռներ են արձակել Մադրիդի ամենամեծ մզկիթի ուղղությամբ: Դրա հետևանքով մզկիթին հարակից շրջաններում ուժեղ ծուխ է տարածվել: Հարձակում գործած անձինք պահել են «Այսօր՝ Բրյուսելը, իսկ վաղը՝ Մադրիդը» կարգախոսներով ազդագիր, հայտնում է RIA Novosti-ն:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է Hogar Social Madrid ուլտրաաջ խմբավորումը, որը լուսանկարներ է տեղադրել սոցցանցերում՝ դրանք ուղեկցելով հետևյալ գրություններով. «Երեկ՝ Փարիզը, այսօր՝ Բրյուսելը, վաղը՝ Մադրիդը»:
Ակցիային անհապաղ արձագանքել է Մադրիդի քաղաքապետարանը: «Նրանք չեն կարող մուսուլման հասարակությանն օրենքից դուրս հայտարարել: Մենք միասին պայքարում ենք ահաբեկչության դեմ: Համատեղ գոյակցում՝ անվտանգ քաղաքներ»,- ասվում է քաղաքապետարանի Twitter-յան էջում: