Ավարտվել է Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով։
Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան։
Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: