Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի մարտի 12-ին Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Պետրոսյանը հաղորդում է տվել, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, կինը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում «կեսարյան հատումով» ունեցել է արական սեռի երեխա, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, և 2016 թվականի մարտի 12-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նա տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Նույն օրը՝ ժամը 07:00-ի սահմաններում, երեխան մահացել է:

Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ նրա նկատմամբ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:

Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է հիվանդության պատմագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս