«Սերժ Սարգսյանն ունի Կրեմլի և՛ վստահությունը, և՛ քարտ-բլանշը». Մոդեստ Կոլերով

«Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները Կրեմլում որևէ տեսակի ոչ միայն՝ բողոքի, այլև՝ մեկնաբանության չարժանացան»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին ու ՀՀ ներքաղաքական վերադասավորումներին:

Հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում ընդունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, նա պատասխանեց, թե առաջին հերթին՝ Կրեմլում ավանդաբար քիչ են հետաքրքրվում Հայաստանի ներքին քաղաքականությամբ: «Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Մոսկվայում վստահություն կա այն ամենի նկատմամբ, ինչն այս դեպքում անում է Սերժ Սարգսյանը: Երկրորդ` Դաշնակցության հետ կոալիցիան նորություն չէ, քանի որ այն ժամանակ առ ժամանակ նորացվում է, և դրանում որևէ նորություն չկա: Երրորդ` չնայած Ռոբերտ Քոչարյանի բարձր և տեսանելի դիմադրության, սահմանադրական բարեփոխումներն ընդունվեցին, ինչը ոչ մի տեսակի ոչ միայն՝ բողոքի, այլև՝ մեկնաբանության չարժանացավ Մոսկվայում: Այսինքն` այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը և՛ վստահություն, և՛ քարտ-բլանշ ունի»,- նման տեսակետ հայտնեց Կոլերովը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի օրակարգին, ապա, Կոլերովի համոզմամբ, այն բավականին հասուն ու հագեցած է լինելու: «Ես կարծում եմ, որ օրակարգի գլխավոր բաղադրիչը կլինի Եվրասիական տնտեսական միության ներսում իրավիճակը և հեռանկարները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», Անկախ Քրդստանի ձևավորման հեռանկարը: Անկասկած քննարկման առարկա կդառնան ռուս-թուրքական հարաբերությունները և դրանում Հայաստանի, Ռուսաստանի գործընկերային պարտավորությունները: Ակնհայտ է, որ կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ և այն բանի սպառնալիքը, որ Թուրքիան գուցե մղի Ադրբեջանին երկրորդ ճակատի բացմանը ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի դեմ: Բավականին հարուստ ու լավ, հասուն ու պատասխանատու օրակարգ է լինելու: Վստահ եմ, որ օրակարգի բոլոր կետերի հարցում Ռուսաստանն ու Հայաստանը տեղին ու ճիշտ, նույնիսկ՝ գործընկերային որոշումներ են կայացնելու»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս