Նախկին կոնգրեսականը դադարեցնում է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը Վաշինգտոնում

Ահա մի նորություն, որ դժվար թե ամեն օր տեսնեք լրահոսում. նախկին կոնգրեսականը դադարեցնում է իր աշխատանքը օտարերկրյա հաճախորդի համար… մեկ տարվա վարձատրությունը չստանալու պատճառով:

Հենց սա տեղի ունեցավ կոնգրեսական Դեն Բըրթընի (հանրապետական, Ինդիանա նահանգ) հետ, որն անցյալ շաբաթ դադարեցրեց իր աշխատանքը որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի` Միացյալ Նահանգներում հզոր ադրբեջանական քարոզչական խմբի նախագահ՝ վարձատրության համար մի ամբողջ տարի սպասելուց հետո:

Ի՞նչ էին մտածում նրա ադրբեջանցի տերերը: Ինչպե՞ս կարող էին խաբել իրենց գործակալներից մեկին Վաշինգտոնում: Սա լավ միջոց է ձեր լոբբիստին ձեր դեմ հանելու…

Լոբբիստները նպաստում են հաճախորդի շահերին ոչ թե նրա համար, որ հավատում են նրա նպատակներին, այլ գումար շահելու համար: Միակ պատճառը, որ կոնգրեսական Բըրթընը սատարում էր աշխարհի ամենաճնշող և ամենակոռումպացված կառավարություններից մեկին, անձնական ֆինանսական շահն էր: Երբ վարձատրությունը դադարեց, նա այլևս պատճառ չուներ աջակցելու նախագահ Ալիևի բռնապետական ​​ռեժիմին:

Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը հիմնադրվել է մեծահարուստ, 34-ամյա միլիարդատեր փլեյբոյ Անար Մամեդովի կողմից: Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, զգալի վճարի դիմաց թույլ է տվել իր անունով կոչել Մամեդովի ընկերության կառուցած մի շքեղ հյուրանոց Բաքվում:

Թղթակից Կառլ Շրեկը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձեռք են բերել  կոնգրեսական Բըրթընի 2016 թ. մարտի 1-ի էլեկտրոնային նամակի պատճենը, որը նա ուղարկել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի համար լոբբիստական գործունեություն ծավալող վաշինգտոնյան ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին: «Քանի որ արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատել ինձ հետ, և ես չեմ վարձատրվել մեկ տարվա համար, ուստի խնդրում եմ այս էլեկտրոնային նամակն ընդունել որպես հրաժարականի դիմում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից»:

Ահա լրացուցիչ մանրամասներ «Ազատություն» ռադիոկայանի բացահայտած աղմկահարույց գործից. «Բըրթընի հրաժարականը հետևեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի ճակատագրի շուրջ ամիսներ տևած շահարկումներին, որը Միացյալ Նահանգներում ադրբեջական լոբբիստական արշավի հենասյունն է՝ Արևմուտքի համար Ադրբեջանը որպես կայուն էներգետիկ ու անվտանգ գործընկեր ներկայացնելու գործում: Լոբբինգը ընդգրկում է թե մասնավոր, թե պետական գումարներ»:

«Բաքվի քննադատները մեղադրում են նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը և նրա վստահված անձանց՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները «խավիարային դիվանագիտությամբ» հարթելու մեջ՝ օգտագործելով նվերներ, արձակուրդներ և այլ թանկարժեք խթաններ՝ բարեկամներ ձեռք բերելու և արտասահմանյան պաշտոնյաների բարեհաճությունը շահելու համար»:

«Վերջերս Ալիևը վերացրեց Մամեդովի հոր ղեկավարած տրանսպորտի նախարարության լայն լիազորությունները, ինչը նշանակում է, որ ընտանիքի ազդեցությունը կառավարությունում թուլանում է»:

«2015 թ. օգոստոսից ադրբեջական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անհայտ աղբյուրներին, հայտնել էին, որ Մամեդովը պատրաստվում է փակել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ֆինանսական դժվարությունների պատճառով ՝ էներգակիրների գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանի ընդհանուր տնտեսական ճգնաժամի ֆոնին»:

«Ըստ Opensecrets.org կայքի՝ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ընդհանուր առմամբ ծախսել է 12,3 մլն դոլար ամերիկյան լոբբիստական ​​ջանքերի վրա՝ կազմակերպելով հյուրասիրություններ Վաշինգտոնի վերնախավի համար և առաջ մղելով Բաքվի շահերը Կոնգրեսի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումներում»:

«Կազմակերպությունը, որը պաշտոնապես չի համարվում ադրբեջանական պետությանն առընթեր կառույց, սակայն սերտորեն կապված է Ալիևի կառավարության հետ, շարունակել է այս ծախսերը՝ ամերիկյան լոբբիստական ծառայությունների համար 2015 թվականին վճարելով 1.46 մլն դոլար, որի մեծ մասը գնացել է Fabiani & Co ընկերությանը՝ ըստ լոբբինգի հասարակական բացահայտումների»:

«Խումբը 430 000 դոլար է ծախսել 2012 թ. իր ճաշկերույթի համար, որին մասնակցել են Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բեյնըրը և Կոնգրեսի 15 այլ անդամներ, ներառյալ Բըրթընը՝ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» ամերիկյան օրենքի (FARA) 2013թ. լրացման»:

«Բըրթընը նշանակվեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահ 2013 թ. փետրվարին՝ Կոնգրեսում իր 30-ամյա գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։ Այս շաբաթ նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Ֆաբիանին է իրեն ներկայացրել Մամեդովին՝ շինարարական ընկերությունների, հյուրանոցների և ապահովագրական ընկերությունների միավորման՝ «Գարանտ» հոլդինգի նախագահին:

«Նախկինում «Ազատություն» ռադիոկայանի իրականացրած հետաքննությունները բացահայտել էին, որ Անար Մամեդովի բիզնես շահերը կապված են նրա հոր՝ Զիյա Մամեդովի ղեկավարած տրանսպորտի նախարարության հետ»:

«Բըրթընը ասաց, որ Ադրբեջանա-ամերիկյան դաշինքում եղած ժամանակ ինքը չի զբաղվել լոբբինգով, սակայն ժամանակ առ ժամանակ հրավիրել է Կոնգրեսի անդամներին խմբի ներկայացրած «հավաքույթների»: Նա նաև կարծիք արտահայտող հոդվածներ է հրապարակել ի պաշտպանություն Ադրբեջանի կառավարության»:

Անցյալ տարվա մայիսին ես հանդիպեցի կոնգրեսական Բըրթընին Նյու Յորքի մի հյուրանոցի մուտքում և բողոքեցի Ադրբեջանի օգտին նրա շարունակական ջանքերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի դեմ քվեարկելու համար Կոնգրեսում իր պաշտոնավարության ընթացքում: Նա տվեց իր այցեքարտը և խնդրեց կապ հաստատել իր հետ… Ես դա չարեցի և հիմա էլ մտադրություն չունեմ, երբ նա այլևս չի աշխատում որպես Ադրբեջանի գործակալ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս