Նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդն իրեն մեղավոր ճանաչեց. պատճառն ամուսնական անհավատարմությո՞ւնն էր

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց 2015թ. սեպտեմբերի 27-ին Մալաթիայում վարագույրների վաճառքի տաղավարում նախկին կնոջ սպանության գործի քննությունը:

Քրեական գործի շրջանակներում Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպով ապօրինաբար նրան զրկել է կյանքից: Պատասխանելով դատավորի հարցերին՝ ամբաստանյալն ասաց, որ նախկինում դատված չի եղել, ունի երկու երեխա՝ որդի և դուստր: Նա նշեց, որ չի աշխատել, տանն է գործ արել՝ կոշիկների հետ կապված: Հեղինե Դարբազյանի հետ փաստացի ապրել է 2015թ. մայիս ամիսը:

Դատարանն անցավ դատաքննության: Մեղադրողի կողմից հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կրելով սառը զենք հանդիսացող որսորդական դանակը, դրանով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և այդ կերպ նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Առաքելյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել գործով տուժողի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք սկսել են աշխատել Մալաթիա տոնավաճառում և զբաղվել իրենց կողմից Թուրքիայի Հանրապետությունից ներկրված անկողնային պարագաների և վարագույրների վաճառքով: 2015թ. հունվար ամսին Արտակ Առաքելյանն արտագնա աշխատանքի նպատակով մեկնել է ՌԴ, իսկ փետրվարին Հայաստան վերադառնալուց հետո՝ նկատել, որ կնոջ վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է, վերջինս իր նկատմամբ սառն ու անտարբեր է դարձել, անգամ հայտնել, որ կարող էր չվերադառնալ ՌԴ-ից, քանի որ այլևս իրեն չի հետաքրքրում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. մայիսի 20-ին Հեղինե Դարբազյանն իրենց կողմից վերցված վարկի գումարի վճարման հարցի շուրջ վիճաբանել է Արտակ Առաքելյանի հետ, վերցրել երկու երեխաներին և տնից հեռացել: 2015թ. սեպտեմբերի կեսերին Արտակ Առաքելյանն իրենց կողմից օգտագործված skype ծառայության տեսազանգերի բաժնի ուսումնասիրությամբ պարզել է, որ իր՝ ՌԴ-ում գտնվելու ժամանակահատվածում Հեղինե Դարբազյանի կողմից գիշերային ժամերին բազմաթիվ զանգեր են կատարվել ազգությամբ թուրք, գործով դեռևս չպարզված ոմն Նատիկին: Ըստ մեղադրական եզրակացության՝ այդ հանգամանքը հայտնաբերելով և վերհիշելով Թուրքիայում գտնվելու ժամանակ ոմն Նատիկի և իր կնոջ միաժամանակյա, շուրջ 40 րոպե բացակայությունը, ինչպես նաև՝ վերլուծելով վերջին շրջանում կնոջ կողմից իր նկատմամբ ցուցաբերված անտարբերությունը՝ Արտակ Առաքելյանը սկսել է կնոջը կասկածել ամուսնական անհավատարմության և ոմն Նատիկի հետ իրեն դավաճանելու մեջ:

Ըստ եզրակացության՝ այս հանգամանքը պարզելու և դրա հաստատվելու դեպքում՝ Հեղինե Դարբազյանին սպանելու ուղղակի դիտավորության մոլուցքով լցված, նախապես վերցնելով և իր մարմնի վրա կրելով իրեն պատկանող, սառը զենք հանդիսացող որսորդական դանակը, 2015թ. սեպտեմբերի 27-ին Արտակ Առաքելյանը գնացել է նախկին կնոջ աշխատավայր, որտեղ պարզաբանումներ է պահանջել ամուսնական անհավատարմության հարցերի շուրջ, որի ընթացքում պարզելով, որ նա իրեն դավաճանել է ոմն Նատիկի հետ, կնոջ արհամարհական և իր պատիվն ու համբավն արատավորող պատասխանը ստանալուց հետո, նրան սպանելու նպատակով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջ մարմնին դանակի 30 հարված է հասցվել:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ սպանություն և ապօրինի կերպով սառը զենք կրելը: Դատարանում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալն իրեն երկու հոդվածերով էլ մեղավոր ճանաչեց: Նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ եթե կնոջից պարզաբանում ստանար, նա ներողություն խնդրեր, զղջար, ցանկություն հայտներ շարունակել ամուսնական կյանքը, կսպանե՞ր նրան, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ ամբաստանյալն ասաց, որ ամուսնական կյանքը չէր շարունակի, բայց չէր սպանի:

Դատարանն այսօր որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը՝ հարցաքննել վկաներին, հետազոտել քրեական գործի ապացույցները և փաստաթղթերը, հարցաքննել ամբաստանյալին: Դատարանում գործով ներգրավված մեղադրողը խնդրեց հնարավորություն տալ ծանոթանալ քրեական գործի նյութերին՝ հետաձգելով դատական նիստը: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 12-ը:

Նշենք, որ դատարանը որոշեց թույլ տալ տեսանկարահանել դատական նիստը՝ բացառությամբ պաշտպանական կողմի: Կողմերը չառարկեցին նիստը տեսագրելուն, սակայն առարկեց պաշտպանական կողմը՝ նշելով, որ անձնական կյանքի հետ կապված հարցեր կարող են լինել, չեն ուզում՝ հրապարակվի: Դատարանի դիտարկումից հետո, որ դռնբաց դատական նիստ է նշանակվել, ամբաստանյալի պաշտպանն ասաց, որ ամեն դեպքում՝ հայտնեցին իրենց կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս