Բաժիններ՝

Գարեգին Երկրորդն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը, կարևորել է առողջապահական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի առիթով` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն կտա ավելի ընդլայնելու համագործակցությունը նախարարությունների միջև և առկա փորձի փոխանակմամբ կնպաստի առողջապահական ոլորտի խնդիրների հաղթահարմանը:

Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Բարձրյալի օգնությամբ բարեբեր լինեն առողջապահությանն ուղղված համատեղ ջանքերը, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով պահպանել և վերականգնել մարդկանց ֆիզիկական առողջությունը:

Հանդիպմաը տիկին Վերոնիկա Սկվորցովան, անդրադառնալով հայ-ռուսական պատմական ու միջմշակութային ամուր կապերին և Հայաստան կատարած այցի արդյունքներին, շեշտել է, որ այսօրինակ համագործակցության արդյունքում ստեղծվում են առողջապահական խնդիրների լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև երկու ժողովուրդների կյանքում առկա մարտահրավերների մասին, ինչպես նաև քննարկվել է առողջապահական ծառայությունների մատուցման բնագավառում նկատվող դրական տեղաշարժերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս