«Հայաստանը պետք է պատրաստվի հակաքայլերի»

«168 Ժամի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ, թեև համաձայնագրին մաս չեն կազմում «Իսլամական պետությունն» ու «Ալ Նուսրա« խմբավորումները։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ՌԴ այս համաձայնոթյունը ոմանք պատմական են որակում։ Որքանո՞վ ամուր կլինի նման համաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտության բոլոր կողմերն ու շահերը չէ, որ ներկայացված են։

– Սա ես ավելի շուտ հակված եմ դիտարկել՝ որպես ժամանակավոր հրադադար, որի պատմականությունը կայանում է միայն նրանում, որ այն հնարավորություն կտա սիրիական բանակին և ռուսական օդուժին կենտրոնանալ Հալեպի շրջափակման և հետագա գրավման վրա։ Զարմանալի են այն պնդումները, որոնք հենվում են համոզմունքի վրա, թե նման հրադադարը կարող է պահպանվել։ Պայմանավորվածության մյուս կողմի՝ ԱՄՆ-ի ազդեցությունը զինված ընդդիմության՝ սաուդցիներին ենթարկվող խմբավորումների, ինչպես և՝ հենց իրենց՝ սաուդցիների վրա, չափազանց սահմանափակ է։

Եվ ընդհանրապես իսլամիստ դաշտային հրամանատարների հետ որևէ պայմանավորվածություն երբեք և ոչ մի պարագայում չի կարող տևական և անուխտադրուժ բնույթ կրել։ Դա հակասում է ջիհադի հիմնարար սկզբունքին, որն անվերջ պատերազմ է պահանջում։

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս այս համաձայնությունը կանդրադառնա ռուս-թուրքական լարվածության վրա։

– Այս զինադադարն ուղղված է նաև Թուրքիայի դեմ։ Դրանով Ռուսաստանը փորձ է անում սահմանափակել թուրքական ինտերվենցիայի հնարավորությունը և նաև զինադադար պարտադրել նրանց ենթարկվող որոշ խմբավորումների։ Դա չի կարող Թուրքիային դուր գալ, որն անպայմանորեն իրավիճակի սրման այլ ուղիներ է փնտրելու։ Սա թուրքական արտաքին քաղաքականության ձեռագիրն է այսօր, որ որևէ պարագայում չի փոփոխվելու։

– Մերձավորարևելյան իրադարձություններից անմասն չէ նաև Հայաստանը։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանն այսօր, այսինքն՝ ի՞նչ հնարավոր սցենարներից, որոնցում Հայաստանին կարող է դեր վերապահվել։

– Հայաստանը պետք է զգուշանա զգուշանալուց։ Դա չի նշանակում, որ անզգուշություն է պետք դրսևորել և արկածախնդրություն։ Բայց Հայաստանն ունի հարևաններ և գտնվում է այնպիսի շահերի կիզակետում, որոնց մի մասն անհանդուրժողականորեն տենչում է Հայաստանի վերացումը։ Այդ պարագայում պետք չէ զգուշանալ որևէ բանից, այլ պատրաստվել հակաքայլերի։ Ներկայիս ամորֆությունն ու լեթարգիական քունը խիստ վտանգավոր են։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի կամքից անկախ՝ այն այս կամ այն կերպ ներքաշվելու է տարածաշրջանային գործընթացներում։ Գյումրու ռազմաբազայի տեխնիկական վերազինումը դրա նախադրյալներից է։ Իսկ ի՞նչ ենք կարծում՝ Թուրքիան և Ադրբեջանն այս մեծ տարածաշրջանային խաղում խորշելո՞ւ են արդյոք Հայաստանին վնասելու գաղափարից։

– Պարոն Մարտիրոսյան, այսօր Թուրքիան՝ ունենալով և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներ, հաճախակի անդրադառնում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ինչը որոշ փորձագետների ստիպում է մտածել, որ Թուրքիան հավակնում է որոշակի դեր ստանձնել նաև ԼՂ հակամարտությունում։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Թուրքիան որևէ դեր ստանձնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծման հարցում որևէ կերպ չի փորձում։ Այն ձգտում է Հայաստանի տոտալ ռազմական պարտությանն ու ընդհանրապես վերացմանը։ Որքան էլ մեր արևմտյան կոնֆերանս-հոլլերում անթիվ ժողովների մասնակցած և դրա արդյունքում միջազգային քաղաքականության փափուկ և կաբինետային հայացքներ ձևավորած գործիչներն այս գաղափարը վայրի համարեն՝ դա ճշմարտություն է։

Ադրբեջանից Միջին Ասիա և անդին՝ չինական Շինջան, Թուրքիան ահռելի տնտեսական կայսրություն է կառուցել, և այդ ճանապարհին կանգնած առաջին և ամենաբարդ արգելափակոցը հենց Հայաստանն է։ Եթե այնպիսի բարդ խաղում, ինչպիսին Սիրիան է, Թուրքիան ներդրեց իր բոլոր ուժերը, կխորշի՞ արդյոք այն հայկական արգելքը վերացնելու փորձերից, մանավանդ որ, իր ներկայիս թշնամին՝ Ռուսաստանը, Հայաստանի ոչ միայն դաշնակիցն է, այլև՝ իր ներկայիս տեսքով, գոյությամբ՝ անուղղակիորեն կախված է նաև հենց Հայաստանի գոյությունից։

Երևանյան սրճարանների կյանքին սովորած և անվերջ խրախճանքներ կազմակերպող հայկական, այսպես կոչված, վերնախավը, որ լայն պատկերի բացառիկ անգիտություն է ցուցաբերում, պարտավոր է գոնե այս պահին հասկանալ, որ Հայաստանը գյուղական մի կղզի չէ, և, որ համաշխարհային այս մեծ խաղում Հայաստանի համար նույնպես տեղ է առանձնացված։

Տեսանյութեր

Լրահոս