Ինչպես է գնահատվել «Դոլմամայի» տարածքը. սեփականատիրոջ ներկայացուցիչը փորձաքննություն է պահանջում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ հայցի քննությունը: «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը թվով 4 հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ժիրայր Ավանյանի և նրա կնոջ, որոնք վերաբերում են նույն տարածքում գտնվող մի քանի տարածքների սեփականության օտարմանը:
Դատարանում Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենց կողմից վիճարկվում է այս գործով փոխհատուցման չափը, կասկածի տակ է առնում հայցվոր կողմի կողմից վարձված գնահատող ընկերության կողմից տրված եզրակացությունը. մասնավորապես՝ հայցադիմումի առարկա հանդիսացող տարածքները 2014թ. նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատվել է 56 մլն 700 հազար դրամ, իսկ 2015թ. ապրիլի 3-ի դրությամբ՝ 65 մլն 200 հազար դրամ: «Գնի նման աճ չէր կարող տեղի ունենալ, հետևաբար՝ առհասարակ կասկածելի է, թե ինչ գնահատումներ են կատարվել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ միջնորդելով այս գործով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն, դրա կատարումը հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Նա միջնորդեց պարզաբանման համար փորձագետներին հղել հարց, թե որքան է կազմում տարածքների շուկայական արժեքը 2015թ. ապրիլի 3-ի և եզրակացությունը կազմելու պահի դրությամբ: Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այս քաղաքացիական գործը դատարանի վարույթում քննվում է նախորդ տարվա մայիս ամսից, կողմը զրկված չի եղել այդ ապացույցը ներկայացնելու հնարավորությունից, այժմ գործը դատաքննության փուլում է, սակայն կողմը չհիմնավորեց, թե ինչով էր պայմանավորված այդ ապացույցը չներկայացնելը:
Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նաև 3 քաղաքացիական գործերը միացնել մեկ վարույթում: Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս միջնորդության դեմ չառարկեց՝ նշելով, որ իրենք էլ են կարծում, որ գործերն անհրաժեշտ է միացնել մեկ վարույթում. դա կնպաստի արդարադատության արդյունավետությանը: Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նաև գործով որպես երրորդ անձ ներգրավել «Դոլմամա» ՍՊԸ-ին: Ըստ փաստաբանի՝ գործ ունենք պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման գործընթացի հետ, և ըստ համապատասխան օրենքի՝ փոխհատուցման իրավունք ունեն ոչ միայն սեփականատերերը, այլև գույքային գրանցված իրավունք ունեցող սուբյեկտները. տարածքի նկատմամբ, որը խնդրո առարկա է, գրանցված է անհատույց օգտագործման իրավունք՝ «Դոլմամա» ՍՊԸ-ի անունով, և նման պայմաններում ակնհայտ է, որ «Դոլմամա» ՍՊԸ-ն ևս ունի իր շահը:
Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հետաքրքրվեց, թե այս գործընթացը «Դոլմամա» ՍՊԸ-ի ո՞ր իրավունքներին ու շահերին է վերաբերում: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դա ևս գույքային իրավունք է, որը դադարեցվելու է հայցադիմումը բավարարելու դեպքում, և նման պայմաններում ՍՊԸ-ն կարող է ունենալ փոխհատուցում ստանալու պահանջ: Այս միջնորդության վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչը կարծիք չհայտնեց՝ թողնելով դատարանի հայեցողությանը:
Դատավորը նշեց, որ այդ ապացույցը կողմը կարող էր ձեռք բերել՝ ցանկացած փորձագիտական հիմնարկի դիմելով և համապատասխան վճարում կատարելով: Տիգրան Աթանեսյանն արձագանքեց, որ իրենք որևէ կերպ կաշկանդված չեն եղել իրենց պատվերով նման եզրակացություն ստանալ, սակայն հայցվոր կողմի ներկայացրած եզրակացությունն իրենք կասկածի տակ են դնում մի քանի պատճառաբանությամբ, այդ թվում, որ կատարողը վճարվել է հայցվոր ընկերության կողմից: Իրենց կողմից եզրակացությունը ձեռք բերելու դեպքում գնահատողը կվճարվեր իրենց կողմից, և բնական կլիներ, որ հայցվոր կողմը կարող էր կասկածի տակ դնել այն: Ըստ նրա՝ նման պայմաններում դատարանը ստիպված էր լինելու դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակել: Հետևաբար՝ առաջ ընկնելով և արդյունավետությունն ապահովելու համար՝ խնդրում է միանգամից դիմել չեզոք գնահատողի:
Դատավորը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու պատճառաբանությամբ հետաձգեց գործի քննությունը: Կողմերին լրացուցիչ կտեղեկացվի դատական նիստի օրվա մասին: