Բաժիններ՝

Սաակաշվիլին ինձ առաջարկել էր վարչապետի պաշտոնը. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պնդում է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իրեն առաջարկել է գլխավորել կառավարությունը: Այս մասին Ավակովը հայտարարել է «Զերկալո նեդելի» (Зеркало недели) թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Ի դեպ, Սաակաշվիլին ինձ հրապարակավ գող անվանելուց ու բռիության համար բաժակով ջրով հյուրասիրվելուց մի քանի օր առաջ նստել էր իմ սենյակում ու ինձ առաջարկում էր դառնալ վարչապետ, իսկ ինքը՝ առաջին փոխվարչապետ: Ես հարցրեցի, թե ինչու ես, պատասխանեց, որ կարծում է, թե վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը»,- հայտարարել է Ավակովը:

«Կա´մ Տուրչինովը, կա´մ դու, դու ամենահաջողակ նախարարն ես»,- ասել է Սաակաշվիլին՝ ըստ Ավակովի:

Պատասխանելով հարցին, թե որքան արագ կարող է Սաակաշվիլին դառնալ ընդդիմություն Պյոտր Պորոշենկոյի համար, Ավակովը պատասխանել է, թե ըստ էության, նա արդեն դարձել է:

Ավակովն ասել է, որ պաշտոնից հեռանալու դեպքում չի թողնի քաղաքականությունը: «Եթե հրաժարական կայացվի, չեմ պատրաստվում հեռանալ ընթացիկ քաղաքական կյանքից»,- հայտարարել է Ավակովը:

Հիշեցնենք, որ Արսեն Ավակովն ու Միխայիլ Սաակաշվիլին միմյանց մեղադրել էին կոռումպացվածության մեջ ու սկանդալային վեճ հրահրել դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ:

Վեճը ծագել էր Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի քննարկման ժամանակ: Ավելի ուշ Ավակովը հրապարակել էր վեճի տեսագրությունը:

Ավելի ուշ, 1+1-ին տված հարցազրույցի ժամանակ Ավակովը ներողություն է խնդրել Ուկրաինայի քաղաքացիներից ու բացատրել, որ չի կարողացել զսպել իր զգացումները:

«Կա բարոյականության նորմատիվ: Եթե մարդն անամոթաբար ինձ հրապարակավ ստորացնում է, ես հրապարակավ պետք է պատասխանեմ: Ես այդպես էմոցիոնալ պատասխանեցի, որպեսզի նրան չհարվածեմ»,- ասել է Ավակովը:

https://www.youtube.com/watch?v=6Za-XOXTSJQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս