Հալեպում լիբանանցի լրագրող է սպանվել
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինվորական թղթակից Յուսեֆ Դաշուն սպանվել է Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ռետյան քաղաքի գրոհը լուսաբանելիս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Հեզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրներին:
«Յուսեֆը սպանվել է գիշերը, երբ նկարահանում էր Ռետյան քաղաքում գրոհային խմբի գործողությունները: Մարտի ժամանակ նրան ինքնաձիգի մի քանի փամփուշտ է դիպել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Զոհվածը 20 տարեկան էր: Դաշուն տասնյակ ռեպորտաժներ է պատրաստել Սիրիայի կառավարական բանակի մարտերի գործողությունների մասին: Վերջին շրջանում նա աշխատում էր Հալեպի հարավային ճակատում:
Նախօրեին Հալեպի հյուսիսում հրթիռակոծությունից վիրավորվել է նաև 3 սիրիացի լրագրող: Հրթիռը պայթել է լրագրողների մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: