Էդուարդ Շարմազանովը, հնարավոր է՝ ՀՀԿ ԳՄ մյուս նիստից հետո հստակեցնի ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր: Քննարկման հիմնական թեման եղել է Ընտրական օրենսգիրքը և դրա վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետները: Քննարկվել են նաև առաջիկա ԱԺ քառօրյայի աշխատանքների ավելի արդյունավետ անցկացման հետ կապված և այլ հարցեր, որոնք «կարևոր» են ներքին և արտաքին քաղաքական կառավարման համար: Այս մասին նիստի ավարտից հետո հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը ևս դեռևս չի քննարկվել:

Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիայի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ նա նշեց, որ մամուլը պաշտոնները բաշխում է, աշխատանքից ազատում-նշանակում է, դա մամուլի խնդիրն է. «Չեմ պատրաստվում մամուլի հրապարակումներին անդրադառնալ, քանի որ դրանք շատ բազմաժանր են: Ես ասել եմ, որ կուսակցությունը դռները չի փակում, մենք համագործակցության կողմնակից ենք, ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, գուցե մյուս նիստից հետո ես ձեզ որոշակի բան կասեմ՝ ձևաչափի հետ կապված, այս պահին որևէ վերջնական որոշում չկա»:

Հարցին՝ իսկ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու քննարկում եղե՞լ է, Է. Շարմազանովը պատասխանեց, որ ինքը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին էլ չի խոսել.

«Ես խոսեցի համագործակցության մասին, ասացի, որ ձևաչափը դեռևս պետք է հստակեցվի: Առայժմ որևէ վերջնական որոշում չունենք ապագայի հետ կապված, շատ դեպքերում մամուլի գրածները կապ չունեն իրականության հետ: ՀՀԿ-ն դեռևս վերջնական չի որոշել՝ ում հետ կոալիցիա կկազմի, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: ԳՄ մյուս նիստից հետո, հնարավոր է, ես նորություն ունենամ ձեզ ասելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս