ՀՀ-ից ո՞ր ապրանքների ներմուծումն է արգելվել ՌԴ
ՌԴ կողմից ժամանակավորապես արգելվել է ՀՀ-ից որոշակի ապրանքնատեսակների մուտքը: Ժամանակավորապես արգելված է կենդանի կենդանիների, այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութի, այն մսի և ենթամթերքի ներմուծումը, որը չի անցել այնպիսի մշակում, որպեսզի բացառի վարակի առկայությունը, կաթի կաթնամթերի ներմուծումը, որը չի անցել ջերմային մշակում, ինչես նաև կենդանական ծագման հումքի ներմուծումը :
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ հունվարի 20-ին` 4, իսկ 21-ին՝ 5 մեքենա պանիր է արտանահվել Ռուսատանի Դաշնություն. «ՀՀ-ն ինչ արտահանում էր մինչ օրս ՌԴ, նույն տեմպերով, նույ ձևով էլ արտահանում է: Այս պահի դրությամբ նախկինում արտահանվող որևէ ապրանքի վրա սահմանափակում չի դրվել: Համենայն դեպս վերջին 5 տարվա ընթացքում, երբ ես աշխատում եմ ՍԱՊԾ-ում, չի եղել դեպք, ցանկություն, որ ՀՀ-ից կա պահանջարկ իմ կողմից թվարկված ապրանքատեսակների արտահանման, որ հիմա էլ այս ժամանակավոր սահմանափակումով արգելք է դրվել»:
Նա նշեց, որ դաբաղ հիվանդությունը, որի պատճառով ժամանակավոր արգելքներ են մտցվել, կենդանուց մարդուն չի փոխանցվում. նրա խոսքով՝ գիտական վարկած կա, որ եթե մանկահասական երեխաները՝ 0-2 տարեկան, վարակված կենդանու հում կաթն օգտագործեն, հնարավոր է բերանի խոռոչում վերքեր լինեն: Նրա խոսքով՝ դա քրոնիկ բնույթ չի կրում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս մասին չեն խոսել, որովհետև կխոչընդոտեին արտահանմանը. «Ասեմ արդեն՝ ձեզ հետ միասին մենք երեկ մեր այս հաղորդումներով խոչընդոտել ենք երկու արտահանման՝ կենդանի մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման հարցով: Չեմ ուզում բացել՝ որ տնտեսվարողը, որ երկիրը, բայց արդեն կա այդ փաստը»:
Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ 2015թ. նոյեմբերի 15-ից սկսած Թուրքիայում գրանցվել են դաբաղ հիվանդության դեպքեր: Այդ մասին լիազոր մարմինը տեղեկացել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կայքից: Նրա խոսքով՝ Անգլիայում գտվող լաբորատորիաներից մեկում անցկացված լաբորատոր փորձաքննությունից պարզվել է, որ դա հիվանդության վիրուսի տիպը նոր է, համենայն դեպս ՀՀ-ի համար էպիզոդիկ տիպ է, ժամանակին տարածաշրջանում չի շրջանառվել:
Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ այդ օրվանից սկսած աշխատանքներ են իրականացվել՝ հիվանդության ներթափանցումը ՀՀ հնարավորինս բացառելու համար. Թուրքիայում գրանցված դեպքերն ուղիղ գծով 2.5-3 կմ հեռավորության վրա են գտնվել, և չէր բացառվում, որ այն կհասներ Հայաստան, քանի որ դաբաղ հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով:
Հովհաննես Մրտչյանի խոսքով՝ դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Արազաբ համայնքում նկատվել է դեպք, որի կլինիկական նշանները նման են եղել այդ հիվանդությանը, կատարվել է նմուշառում, հիվանդ կենդանին ոչնչիացվել է: Դեկտեմբերի 28-ին ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է դաբաղ հիվանդությունը, սակայն քանի որ ՀՀ-ն չի իրականացնում գենետիկական փորձաքննություն, նմուշն ուղարկվել է ՌԴ՝ հասկանալու համար արդյոք Թուրքիայում եղած տիպն է գրանցվել, թե ոչ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը նշեց, որ պատասխան են ստացել, ՀՀ գյուղնախարարը կառավարության նիստ ընթացքում հայտարարել է, որ մտավախություն կա, որ Հայաստանում գրանցված դեպքը Թուրքիայում գրանցված տիպն է: Նրա խոսքով՝ այս հիվանդությունը բուժում չունի, այն հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով, սակայն այն պատվաստանյութը, որը ձեռք էր բերվում, չէր ներառում նոր տիպի դեմ պայքարի նյութ:
Այդ պատճառով էլ դիմել են ՌԴ՝ խնդրելով, որ ՀՀ-ի համար պահանջվող քանակով պատվաստանյութը պատրաստել: Նա նշեց, որ կառավարության նիստի ընթացքում չեղյալ է համարվել մրցույթը, որի արդյունքում պետք է ներկրվեր դաբաղ հիվանդության վարակի նոր ձևի դեպ չպայքարող պատվաստանյութը:
«Այս պահին մենք չունենք երկրորդ դեպքը: Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ այդ հիվանդություն աչքով տեսանելի հիվանդություն է, նաև ոչ մասնագետները կարող են փաստել այն: ՌԴ մեր գործընկերների հետ արվում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս տարածումը կանխենք երկրի ներսում»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը: