«Մահացածին ու առողջ նստած մարդուն խառնում եք իրար». շարունակվում է Ավետիսյանների սպանության գործի քննությունը

Ռուսական 102-րդ ռազմաբազայում վերսկսվեց հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ առաջին դատական նիստի ընթացքում իրենց կողմից միջնորդություն է ներկայացվել՝ որոշակի փաստաթղթեր դատարանին և դատավարության մասնակիցներին տրամադրելու համար: Փաստաբանն ասաց, որ պնդում են այդ միջնորդությունը և այս գործով որոշակի հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունն ապացուցելու համար միջնորդում են ՌԴ համապատասխան մարմիններից պահանջել և այս քրեական գործին կցել փաստաթղթեր, ինչպես նաև՝ սպանության դրվագի հետ առնչվող նյութեր, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի կողմից կատարված քննության ընթացքում, որով ռուսական կողմն արդեն ազատազրկման է դատապարտել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին:

Նա նշեց, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կատարվել են որոշակի քննչական գործողություններ, դրանց արդյունքներն իրենց համար պարզ են, սակայն հայտնի չէ, թե ինչ գործողություններ են կատարվել. «Օրինակ՝ Վալերի Պերմյակովի հարցաքննության ժամանակ քննիչը հարց է տալիս՝ որպես հաստատված հանգամանք՝ որոշակի փաստերին հղում կատարելով: Թե այդ փաստերը որտեղից, ինչ քննչական գործողությունների արդյունքում են հայտնաբերվել քննիչի կողմից, մենք այս պահին չգիտենք»:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ այս քրեական գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ պետք է նաև այլ քրեական գործեր հարուցված լինեին, քանի որ եզրակացության կա, որի համաձայն՝ Վալերի Պերմյակովն առողջական խնդիրներ ունի. «Նաև պարզ դարձավ, որ զորակոչի հետ կապված խնդիրներ պետք է ծագած լինեին ժամանակին, հետագայում նաև նրան զենք տրամադրելու հետ կապված: Ուստի խնդրում եմ, որ դատարանը պահանջի նաև ռուսական կողմից տրամադրելու, թե արդյոք հարուցվե՞լ են այլ քրեական գործեր այլ փաստերի առթիվ»:

Արաքսյա Պողոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, և հիմնավորվել է, որ կիրառվել է ինքնաձիգ. ռուսական կողմը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել այդ զենքն ապօրինի դուրս բերելու համար և մարտական հերթապահությունը լքելու համար. «Այսինքն՝ խոսքը վերաբերում է նույն հանցագործության առարկային, և այն հանգամանքները, որոնք ռուսական կողմից պարզաբանված կլինեն, կամ քննությամբ ձեռք բերված կլինեն նյութեր, որոնք վերաբերում են պատճառներին, թե ինչու է Պերմյակովն այդ զենքը վերցրել ու ապօրինի դուրս եկել, ուղղակի նշանակություն ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության հանգամանքների համար»: Արթուր Սաքունցն ասաց, որ գտնում են՝ ամբողջ քրեական գործը պետք է կցվի այս գործին:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն ասաց, որ ըստ էության չի առարկում: Վալերի Պերմյակովը, դիրքորոշում հայտնելով, ասաց, որ չի առարկում: Դատավորը հետաձգեց միջնորդության լուծումը՝ նկատի ունենալով, որ միջնորդության լուծման համար էական հանգամանքներ պարզված չեն, այսինքն՝ քրեական գործում առկա փաստաթղթերը դատաքննության ընթացքում հրապարակային չեն հետազոտվել: Լուսինե Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այս նույն տրամաբանությամբ այս փուլում կողմերը նոր ապացույցներ պահանջելու իրավունք չունեն, սակայն Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մինչև դատաքննությունը սկսելը կողմերն իրավունք ունեն պահանջել լրացուցիչ ապացույցներ. կողմերը ծանոթ են քրեական գործին, և փաստաթղթերի հրապարակումը կապ չունի նոր ապացույցներ ձեռք բերելու պահանջի հետ:

Փաստաբանն ասաց, որ բացի դրանից՝ հետագայում նյութեր պահանջելը ժամանակատար է. «Ինչո՞ւ մենք պետք է նստենք և սպասենք՝ մեզ ռուսական կողմը նյութեր կտա՞, թե՞ չի տա»: Լուսինե Սահակյանն ասաց նաև, որ պահանջվող նյութերին ծանոթանալուց հետո իրենց մոտ կարող են առաջանալ նոր հարցեր:

Դատարանի վարքագծից բողոքեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռիտա Պետրոսյանը՝ նշելով, որ իրենք տեսնում են դատարանի կաշկանդվածությունը. արդեն երրորդ նիստն է, սակայն դատարանը մասնակիցների անունները չի հիշում. «Մահացածին ու առողջ նստած մարդուն խառնում եք իրար. այդպես չի կարելի, չէ՞»: Փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ իրենց համար պարզ չդարձավ, թե ինչ էական հանգամանքներ պետք է ի հայտ գան, որից հետո դատարանը որոշում կայացնի իրենց միջնորդության մասին: Նա նաև նշեց, որ միջնորդության լուծման հետաձգումն արդար դատաքննության ողջամիտ ժամկետների պահպանման սկզբունքից չի բխում: Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ դատարանը հանդես է գալիս՝ որպես կողմ:

Դատարանն անցավ դատաքննությանը:

Տեսանյութեր

Լրահոս