ԵՏՄ-ն տնտեսական բեռ է Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի համար. բելառուսցի փորձագետ
«ԵՏՄ-ն մեռած կառույց դարձավ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմավարություն» վերլուծական կենտրոնի (Մինսկ) փորձագետ Վալերի Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵՏՄ հեռանկարներին Ղազախստանի նախագահության ներքո: Հիշեցնենք, որ Եվրասիական գերագույն տնտեսական միությունում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող պետությունը 2016-ին կլինի Ղազախստանի Հանրապետությունը, ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսից։ Նախորդ տարի որոշվեց նաև, որ Կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1-ին։
Վալերի Կարբալևիչն ասաց, որ նախորդ տարին բացահայտեց Ռուսաստանի հիմնած կառույցի` ԵՏՄ-ի, աննպատակահարմարությունը և ոչ տեղին լինելը: Ըստ նրա` Ռուսաստանի առջև ծառացած խնդիրները ցույց տվեցին, որ Ռուսաստանի գործընկեր երկրները ԵՏՄ են մտել ոչ իրենց ազնիվ ցանկությամբ և կամքով, քանի որ առաջացած բոլոր ֆինանսատնտեսական խնդիրների դեպքում ԵՏՄ նորմերը չգործեցին, ավելին` ԵՏՄ անդամ երկրները սկսեցին ԵՏՄ-ից և Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել` փորձելով իրենց ապահովագրել խնդիրներից: Նրա որակմամբ՝ ակնհայտ է, որ հետագայում ևս նման քաղաքականության դեպքում միությունը չի ունենա ապագա և որևէ ազդեցություն, քանի որ միության ներդրած նորմերը հաշվի չեն առնվում և որպես չափանիշ չեն ընդունվում:
«Մեկ այլ հանգամանք ևս կա, որ այս միությունը կարծես թե թերի է դարձել առանց Ուկրաինայի, քանի որ Ռուսաստանի սկզբնանպատակն այս միությունն Ուկրաինայի հետ հիմնելն էր, որն Ուկրաինայի հետ բոլորովին այլ հզորություն, ուստի և՝ նշանակություն կունենար: Ռուսաստանն առանց Ուկրաինայի ձևավորեց այս միությունը՝ չպարտվածի իմիջ ստեղծելու համար, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր այդքան էլ հետաքրքրված չէ այս կառույցում առաջացած խնդիրները լուծելու հարցով: ԵՏՄ-ն այսօր մատնված է անուշադրության նույնիսկ ամենաշահագրգիռ կողմի կողմից: Ստացվում է, որ սա ձեռնտու է նաև Ռուսաստանի գործընկեր երկրներին` Ղազախստանին, Բելառուսին, Հայաստանին և Ղրղըզստանին, քանի որ նրանք, լինելով ԵՏՄ անդամ, Ռուսաստանից որոշ հարցերում արտոնյալ կարգավիճակ են ստանում, որոշ երկրների դեպքում դա էներգակիրների արտոնյալ գներն են, աջակցությունը, և այլն, և այլն: Այսինքն` որոշ իմաստով բոլոր երկրների համար ձեռնտու իրավիճակ է ստեղծվել»,- ասաց նա՝ շարունակելով, որ այնուամենայնիվ ԵՏՄ-ն ունի իր բացասական կողմերը, քանի որ Ռուսաստանի տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը ԵՏՄ-ի պատճառով տարածվում է նաև ՌԴ գործընկեր երկրների վրա՝ լուրջ խնդիրներ ստեղծելով: Բելառուս վերլուծաբանի համոզմամբ` Բելառուսն այսօր, փաստորեն, այդքան էլ հետաքրքրված չէ ԵՏՄ-ով և այդ կառույցի զարգացմամբ, աշխուժացնում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ սկսել է տուժել Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան միջոցներից և չունի մեծ առևտրաշրջանառություն ԵՏՄ մյուս երկրների հետ:
«Վստահ եմ, որ կա նույն մտահոգությունը նաև Հայաստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում, քանի որ ԵՏՄ-ն մեր երկրների համար տնտեսական բեռ է դարձել: Չեմ կարծում, թե Ղազախստանը կամ որևէ այլ երկիր կզբաղվի խնդիրների կարգավորմամբ, քանի որ դա անհրաժեշտ չէ ոչ մեկի: Եթե նույնիսկ խնդիրները լուծվեն, այսինքն` ԵՏՄ նորմերը գործեն, ապա կնշանակի, որ կմեծանա ԵՏՄ երկրների միջև կապը, ինչը նշանակում է, որ, հաշվի առնելով ՌԴ տնտեսական վիճակը՝ ԵՏՄ երկրներն ավելի վատ տնտեսական վիճակում են հայտնվելու: Դա ոչ մի ԵՏՄ երկրի անհրաժեշտ չէ»,- մեկնաբանեց Կարբալևիչը` հավելելով, որ ԵՏՄ ընդլայնումը ևս որևէ կողմի չի հետաքրքրում: Բելառուսցի փորձագետը վստահ է, որ ԵՏՄ-ն կշարունակի գոյություն ունենալ, սակայն ժամանակի ընթացքում կդառնա մի ֆիկտիվ կառույց, ինչպիսին ԱՊՀ-ն է, որը մի օր կցանկանան վերացնել:
«Եթե այդ կառույցը պետք է հավելյալ խնդիրներ ստեղծի, ապա դրա գործունեությունը պետք է դադարեցնել, սակայն կան աշխարհաքաղաքական հավակնություններ, և չի բացառվում, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավումից հետո Ռուսաստանը փորձի հաջողություն արձանագրել այս պրոյեկտում, այսօր այն մեռած է»,- ասաց Կարբալևիչը: