Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերությունների հետագա լարումն ավելի խոցելի կդարձնի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի անվտանգությունը. իրանցի վերլուծաբան

«Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերությունների սրումն էլ ավելի բարդացրեց Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան, Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Ալի Սալամին` անդրադառնալով Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողություններին:

Հիշեցնենք, որ օրերս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ խզում է կապերն Իրանի հետ, որից հետո հայտնի դարձավ, որ նախ՝ Բահրեյնը, ապա՝ նաև Սուդանը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին՝ հայտարարեցին, որ անհապաղ խզում են դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Այս ամենն ուղեկցվեց հոգևորականի մահապատժով և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի դեմ հարձակումներով։ Սաուդյան Արաբիայում շիա 56-ամյա ազդեցիկ հոգևորական Նիմր ալ-Նիմրին ձերբակալվել էր 2012 թվականին՝ արաբական գարնանը հաջորդած ներքաղաքական հուզումների ֆոնին: Շիաների շրջանում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի մահապատժից բորբոքված՝ ցուցարարները գրոհել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել: Դեսպանատան շենքի մի մասն այրվել էր:

Ալի Սալամին նշեց, որ Սաուդիան Արաբիան, սրելով հարաբերություններն Իրանի հետ, տարածաշրջանային վտանգավոր խաղ է սկսել, որը, սակայն, չի ավարտվելու իր համար դրական արդյունքներով: Ըստ նրա՝ այդ մասին են փաստում գործընկեր երկրների կայացրած որոշումները, որոնք զգուշավոր են: Սակայն, Սալամիի որակմամբ, պարզ է, որ տարիներ առաջ ձերբակալված հեղինակավոր հոգևորականին պատահականորեն չորոշեցին մահապատժի ենթարկել հենց ներկայումս: Իրանցի վերլուծաբանի որակմամբ, դա պատերազմի ձեռնոց էր՝ ուղղված Իրանին:

«Ակնհայտ է, որ Սաուդիան Արաբիան արտաքին նոր քաղաքականություն է փորձում հաստատել, աշխարհին հիշեցնել իր դերակատարության մասին, հատկապես այն փուլում, երբ Իրանն ամբողջությամբ դուրս է գալիս շրջափակումից և մեծացնում իր դերակատարությունն աշխարհում, հատկապես էներգետիկ շուկայում, որտեղ այս երկու երկրները մրցակիցներ են: Իհարկե, միամտություն կլինի վերլուծել, թե այս լարվածության պատճառը միայն մրցակցությունն է, քանի որ սա առնչվում է Սաուդիան Արաբիայի ներքաղաքական զարգացումների և հատկապես՝ ներքին նոր դոկտրինը հաստատելու հետ: Այնուամենայնիվ, միանշանակ գնահատականներ տալը դեռ վաղ է, քանի որ չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենա հակամարտությունը: Իրանի իշխանությունները փորձում են զուսպ գտնվել, ինչը կարևոր է այս փուլում»,- ասաց Ալի Սալամին:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա Մերձավոր Արևելքում ստեղծվող նոր իրավիճակը Հայաստանի վրա, պատասխանեց, որ ուղիղ ազդեցություն չի լինի:

«Սակայն, եթե Սաուդիան Արաբիայի իշխանությունները չսթափվեն և շարունակեն հարաբերությունների լարումը, ապա իսկապես Մերձավոր Արևելքում շատ ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծվի, քան ներկայումս, այդ թվում` Սիրիայում: Զարգացումների նման ընթացքի դեպքում էլ ավելի կսանձազերծվեն ահաբեկչական խմբավորումները, այսինքն` տարածաշրջանային անվտանգությունն էլ ավելի խոցելի կդառնա: Սա լուրջ մտահոգության առարկա է Իրանի համար»,- ասաց Ալի Սալամին:

Տեսանյութեր

Լրահոս