Վրաստանի նախագահը վարչապետի պաշտոնում հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանության է արժանացրել երկրի խորհրդարանական մեծամասնության կողմից երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես աջակցել եմ ինչպես վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլի) հրաժարականին, այնպես էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությանը, երբ այն ինձ ներկայացրել են: Հիմա հերթը խորհրդարանինն է»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նա հավելել է, որ Կվիրիկաշվիլիի թեկնածությունն արդեն իսկ ուղարկել է Վրաստանի օրենսդիր մարմնի հաստատմանը, որպեսզի խոչընդոտներ չծագեն:

Ներկայում Վրաստանի վարչապետի թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը ու իր ծրագիրը, իսկ խորհրդարանը պետք է ձայների մեծամասնությամբ վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս