«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ»

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։

Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2015 թ. ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, տարբեր երկրների հետ հնարավոր մակարդակներով համագործակցության զարգացմանը, միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտասահմանյան տարբեր երկրների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության միջոցով բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ընդլայնման գործընթացին։ Նշվել է, որ անցնող տարում ոչ միայն ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, այլև դրանք նոր ձև և բովանդակություն են ստացել: Որպես ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ, նախարարը անդրադարձել է նաև 2015 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնին, որին մասնակցել են քույր քաղաքները ներկայացնող Ֆրանսիայից ժամանած ավելի քան 200 հյուրեր։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը։  Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։

Կարդացեք նաև

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Մամուլի ասուլիսի ավարտին Արցախի արտաքին քաղաքական օրակարգի և ԼՂՀ ԱԳՆ գործունեության արդյունավետ լուսաբանման համար որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով։

Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից էլեկտրոնային փոստով ստացված հարցերին։

NEWS.am. Ադրբեջանը հայտարարում է համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, Հայաստանն, իր հերթին, հայտարարում է այն մասին, որ նախքան խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները ղարաբաղյան կողմը պետք է իր համաձայնությունը տա այն հիմնարար սկզբունքներին, որոնց հիման վրա կմշակվի համապարփակ համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը նման համապարփակ համաձայնագրի մշակմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Ադրբեջանի այս նախաձեռնությունը գնահատում եմ ոչ այլ կերպ, քան դիվանագիտական հնարք՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն և փակուղի տանելուն։

Կցանկանայի հիշեցնել, որ մինչև 1997 թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը:

NEWS.am. Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։ Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերաբերվում այդ առաջարկներին։

Մենք մշտապես հանդես ենք եկել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկների օգտին՝  ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը և իրականացումը։ Դա, թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին:

Հրապարակ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ներգրավված համարյա բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, ժամանակ առ ժամանակ կրկնում են, որ ԼՂՀ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ` հանրաքվեի արդունքում: Թույլ տվեք հարցնել` ԼՂՀ իշխանությունները կամ առնվազն ԼՂՀ ԱԳ նախարարությունը ինչպե՞ս է տեսնում այդ հանրաքվեի իրականացումը, մասնավորապես. 

ա/ հանրաքվեն որտե՞ղ կարող է կայանալ` ներկա ԼՂՀ տարածքո՞ւմ, թե՞ հնարավոր է դրա մի մասում,

բ/ ովքե՞ր կարող են մասնակցել հանրաքվեին` ԼՂՀ քաղաքացինե՞րը, թե՞ նաեւ փախստականի կարգավիճակով վերադարձողները,

գ/ հանրաքվեի կարող է դրվել լոկ ԼՂՀ անկախության հա՞րցը, թե՞ հնարավոր են Հայաստանի Հանրապետությանը կամ Ադրբեջանի Հանրապետությանը միանալու մասին հարցադրումներ,

դ/ դիցուք,  Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունները կայանան, դրանից հետո մոտավորապես ի՞նչ ժամանակամիջոցում է հնարավոր հանրաքվեի անցկացումը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովուրդը 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեին՝ օգտագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը կատարել է իր ընտրությունը՝ քվեարկելով անկախության օգտին։ Այնուհետև, 2006 թ. դեկտեմբերի 10-ին սահմանադրական հանրաքվեին վերահաստատել է այս ուղին։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երկու անգամ արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը: Արցախի ժողովրդի կամաարտահայտության արդյունքները չեն կարող անտեսվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման գարծընթացում։

Արմենպրես. ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը վերաբերող երկու զեկույց: Մեկը Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցն է, մյուսը՝ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը: Այդ երկու զեկույցների բովանդակությունն ու դրանց հնարավոր ազդեցությունն ԼՂՀ-ի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա ինչպե՞ս եք գնահատում և այդ զեկույցների առումով Ղարաբաղյան կողմի հակափաստարկները որոնք են:

Չնայած այդ բանաձևերը չունեն պարտադրող բնույթ, սակայն ընդունվելու պարագայում կարող են բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ու ավելի վտանգավոր բնույթ կրող լարվածության շարունակական սրման ֆոնին, Ադրբեջանի դիրքորոշմանը նպաստող տվյալ բանաձևերի ընդունումը ոչ միայն ադրբեջանական իշխանություններին թույլ կտա հետագայում ևս հաշվի չնստել լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հետ, այլև կարող է ընկալվել ադրբեջանցիների կողմից որպես հակամարտությունը ուժի միջոցով լուծելու քարտ-բլանշ:

Մեդիամաքս. Ակնհայտ է, որ Ադրբեջանն ընտրել է «զենքի միջոցով» բանակցելու մարտավարությունը և բացեիբաց ցույց է տալիս իր արհամարհանքը թե բանակցային գործընթացի, թե միջնորդների ջանքերին հանդեպ:  Այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը:

«Զենքի միջոցով» Ադրբեջանն արդեն փորձել է ճնշել արցախահայության պայքարը դեռևս քառորդ դար առաջ, ինչի արդյունքում, մեղմ ասած, ոչնչի չի հասել։ Հիշեցնեմ, որ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանն այսօր կոպտորեն խախտում է, ստորագրվել է իր իսկ խնդրանքով։ Ստեղծված իրավիճակում մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով, որի հիմքում նախևառաջ արցախահայության կամաարտահայտության արդյունքն է։

Մեդիամաքս. Ըստ Ձեզ, ի՞նչ կարող են անել համանախագահ երկրները՝ Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար:

Նախևառաջ, համանախագահների և համանախագահող երկրների կողմից պետք է տրվի հստակ և հասցեագրված ազդակ՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման բացառման վերաբերյալ, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության և կայունության ապահովման գործում։

Այդ առումով դրական եմ գնահատում այն փաստը, որ համանախագահները իրենց հայտարարություններում թեև զգուշորեն, բայց այնուամենայնիվ սկսել են նշել շփման գծում իրավիճակն ապակայունացնող կողմը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը գալիս է այն մտքին, որ ադեկվատ արձագանքի բացակայության մթնոլորտը և կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի մոտ առաջացնում է ամենաթողության թյուր զգացում։

Առավոտ. ՀՀ ՊՆ-ից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե մենք չունենք հրադադար, այլ գործ ունենք պատերազմի հետ: Մասնավորապես ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երկու օր առաջ լրագրողներին հորդորեց. «Սա պատերազմ է: Կխնդրեի ձեր գրական տերմինաբանության մեջ օգտագործել պատերազմ բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, քանի որ հրադադար այլևս չունենք»: Ձեր գնահատմամբ՝ իրավիճակն այս աստիճան սրվա՞ծ է:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ինչը նախևառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների և ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլ նաև 1994 թ. հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունները միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

Առավոտ. Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովում: Համամի՞տ եք, որ թերևս առաջին անգամ պաշտոնական Երևանի անունից ձևակերպվեց ՀԱՊԿ-ի անգործության և ոչ համարժեքության հարցը, մինչդեռ ՆԱՏՕ-ն ապացուցեց, որ կանգնած է Թուրքիայի կողքին: Հետևաբար այս ելույթից հետո ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։ Արդյո՞ք այս հայտարարությանը կհետևեն լուրջ քայլեր խնդիրը ՀԱՊԿ օրակարգ բերելու համար: «Ղարաբաղը տեսադաշտից դուրս». ռուսական մամուլի արձագանքը ՀԱՊԿ գագաթաժողովին այսպիսին էր: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը, որ ԼՂՀ-ին այս անգամվա գագաթնաժողովին, ինչպես նախորդին՝ Դուշամբեում, կրկին անդրադարձ չեղավ, ինչու՞ է ստորադասվում ԼՂՀ հարցը:

– Դրական եմ գնահատում և կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները ՀԱՊԿ գագաթաժողովում։ Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ, քանի որ միակ կառույցը, որն ունի այս հարցով զբաղվելու համապատասխան միջազգային մանդատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։

Nkr-news.com. ԼՂՀ իշխանությունները, այդ թվում հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, տեղեկատվական և մարդասիրական ակտիվ աշխատանքներ են վարում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ։ Անկասկած այդ տարածաշրջաններում հայկական համայնքներն ինստիտուցիոնալ զարգացած են և բավական բարձր մակարդակով ներգրավված են իրենց պետությունների գործունեության տարբեր ոլորտներում, ինչը շահավետ է ԼՂՀ-ի համար։ ԼՂՀ իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում նաև Ռուսաստանի հայության հետ կապերի զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական և տեղեկատվական համապարփակ հանգույց է ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Ռուսաստանի հայկական համայնքի և ԼՂՀ-ի միջև հասարակական կապերի ամրապնդումը և կարգավորումը կարող է զգալի ազդեցություն թողնել Ռուսաստանում ԼՂՀ շահերի վրա։

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում հայկական համայնքի և ԼՂՀ-ի միջև հարաբարերությունների մակարդակը հասարակական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Եվ արդյո՞ք գոյություն ունեն խնդրահարույց կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։

Ռուսաստանի մեր հայրենակիցների զգալի մի մասը ծագումով Արցախից է, և պահպանում է կապը հայրենիքի հետ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Արցախի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ռուսաստանի հայկական համայնքի հետ միասին մենք ունենք անելիքների լայն շրջանակ՝ տարբեր բնագավառներում ընդլայնելու Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ համահունչ մեր ժողովուրդների միջև առկա պատմական կապերին։

Այս առումով կկարևորեի նոյեմբերին տեղի ունեցած «Արցախի օրերը Մոսկվայում» միջոցառումները, որոնք լավ առիթ դարձան Արցախը ներկայացնելու, ինչպես նաև մեր հայրենակիցների հետ առկա կապերն էլ ավելի խորացնելու համար։

Arminfo. Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԼՂՀ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրավիճակը լարելով, մտադրված կերպով ձևավորում է նոր օրակարգ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում։ Այլ խոսքերով, դեկտեմբերին տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, ավելի շատ քննարկվում էին ոչ թե խաղաղության, այլ զինադադարի նոր պայմանները։

Ադրբեջանի փորձերը բանակցություններում ձևավորելու որևէ նոր օրակարգ ապարդյուն են և դրանով Ադրբեջանը միայն նպաստում է միջազգային հանրության մոտ այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։

Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է, որ Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ գիտակցելով, որ բանակցությունների արդյունքում վերջնական լուծումը ենթադրում է միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Arminfo. Քաղաքական որոշ կենտրոններում Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման լույսի ներքո արդեն կանխատեսում են մեծ պատերազմ, առնվազն տարածաշրջանային մասշտաբով։ Ձեր կարծիքով, արդյո՞ք գոյություն ունեն նախադրյալներ այդպիսի պատերազմի համար:

– Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր քաղաքականությունից՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը, նոր պատերազմի վտանգը միշտ էլ կա։

Ներկայիս պայմաններում Ադրբեջանը զսպող միակ ուժը ԼՂՀ Պաշտպանության բանակն է։ Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նման սադրիչ պահվածքի ֆոնին, Լեռնային Ղարաբաղը շահեկանորեն տարբերվում է որպես հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը տարածաշրջանում նպաստում է կայունության ու խաղաղության ապահովմանը։

Տեսանյութեր

Լրահոս