Հայկական Նոր տարի
Բոլորս ներքաշվեցինք ամանորյա հոգսերի մեջ: Ամբողջովին: Ու հիմնավորապես: Բժիշկները սկսեցին խորհուրդներ տալ՝ ինչպես խուսափել «տոնական» թունավորումներից: Լրատվամիջոցները սկսեցին հրապարակել ռեստորանների ու հանգստյան տների գները: Խոհարարները ղափամայի բաղադրատոմսեր ներկայացնելով՝ սկսեցին հորդորել հրաժարվել խոզի բդից:
Հոգեբանները շտապեցին վերլուծել ամանորյա ընկճախտի պատճառները: Շտապեցին ու խոզի բդից հրաժարվելը, ամանորյա ծախսերը կրճատելը հայտարարեցին ընկճախտի հաղթահարման լավագույն պայման: Հավանաբար ընկճախտը ժամկետից շուտ չխրախուսելու վեհ ու ազնիվ նպատակով` կառավարությունն առայժմ չի հայտարարում, թե քանի օր է տևելու մեր ամանորյա «պարտադիր» արձակուրդը` 10 օ՞ր, թե՞ 12:
Իսկ կառավարությանը հակառակ` ազգային վիճակագիրները տոներից առաջ հրապարակեցին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերնագրով զեկույցը: Տխուր ու ուշացած զեկույցը 2014թ. մասին: Մեր վիճակագիրները վստահ են, որ մեկ տարի առաջ Հայաստանում աղքատ կարելի էր անվանել 900 հազար մարդու: Նրանցից շատ աղքատ են անվանվում են 300 հազարը:
Իսկ 70 հազար մարդ հայտարարված է ծայրահեղ աղքատ: Ծայրահեղ աղքատ համարվում է այն անձը, ում ամսական եկամուտը չի գերազանցել 23 հազար 400 դրամը: Բայց դա` մեկ տարի առաջ: Երբ այդ գումարի փոխարժեքը մոտ 56 դոլար էր: Մեր վիճակագիրներն այս անգամ չեն թաքցրել իրենց հաշվարկի փոխարժեքը: Ուստի կարելի է հաշվարկել, որ հիմա ծայրահեղ աղքատության շեմը մեկ անձի համար կազմում է առնվազն 27 հազար դրամ: Եթե, իհարկե, հաշվի չառնենք գնաճը:
Բայց մեր վիճակագիրներն այս տարվա աղքատության ցուցանիշները մեկ-երկու տարի հետո կհրապարակեն: Հարկավ, բնակչությանն ամանորյա ընկճախտից հեռու պահելու պետականանպաստ ու մարդասիրական մղումով: Բայց այս օրերին միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը` ՄԱԿ-ը, իրեն ամենևին էլ պետականանպաստ չպահեց:
Չպահեց ու ահագին տխուր զեկույց հրապարակեց: ՄԱԿ-ի զեկույցից պարզվում է, որ Հայաստանում աղքատ է աշխատողների 12 տոկոսը: Փաստորեն, աշխատանք ունենալն էլ աղքատությունից խուսափելու երաշխիք չէ մեր երկրում: Հատկապես, որ աշխատանք ունեցողների մեկ քառորդից ավելին ցածր աշխատավարձ է ստանում: Մեր միակ մխիթարությունը կարող է լինել այն, որ ՄԱԿ-ի զեկույցն էլ է «ուշացած» և վերաբերում է 2012թ.-ին: Բայց որպեսզի այս մխիթարությունը բավարար փաստ չդիտվի, ՄԱԿ-ը մի բոլորովին այլ և խիստ տարօրինակ փաստ էլ է հրապարակում:
Միջազգային այդ կազմակերպության տվյալներով, Հայաստանում կենսաթոշակային տարիքի բնակչության 80 տոկոսն է թոշակ ստանում: Մեր երկրի լարված սոցիալական պատկերն ու աղքատության տվյալներն ուսումնասիրողների համար սա իսկապես անհասկանալի է: Կենսաթոշակի իրավունք ունեցող բնակչության 20 տոկոսը կամովին հրաժարվում է թոշակ ստանալ:
Փաստորեն: Եթե 2015-ը ընտրական կամ, ավելի ճիշտ, հանրաքվեային չլիներ, դժվար էր լինելու այս առեղծվածը վերլուծելը: Վերլուծելն ու ըմբռնելը: Մեր Ոստիկանությունը հանրաքվեից առաջ ընտրողների առասպելական ցուցակ էր հրապարակել (կարծեմ 2,5 մլն-ը գերազանցող ցուցակ): Հիմա ՄԱԿ-ի զեկույցը ճշգրտում է մեր պաշտոնական ընտրացուցակը: Այդ ցուցակում առկա կենսաթոշակային տարիքի բնակչության թիվն ուռճացված է ուղիղ 20 տոկոսով:
Կամ հարազատ իշխանությունները, ի դեմս քաջարի Ոստիկանության, պիտի հրապարակեն կենսաթոշակից կամավոր հրաժարված գոնե մեկ մարդու անուն: Բայց դա դժվար, համարյա անիրական բան է: Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ կենսաթոշակային տարիքի բնակչության 20 տոկոսը գոյություն ունի միայն մեր պաշտոնական փաստաթղթերում: Կամ, որ ավելի ճիշտ է` մեր պաշտոնյաների երևակայության մեջ և նրանց կազմած ընտրացուցակներում: Բայց սա տխուր զրույց է ազգիս նախատոնական տրամադրությունների ֆոնին: Վերջին տարիներին մեր ազգային վիճակագրական ծառայությունը խիստ հմտացել է: Հմտացել է հրապարակումներում տխուր փաստերը մատուցելու ոլորտում:
Նրանց փորձառությունը չունեցող ցանկացած այլ մասնագետ միամիտ-միամիտ կգրեր, որ 2014-ին` նախորդ տարվա համեմատ, 2 տոկոսով աճել է աղքատ բնակչության թիվը: Միամիտ-միամիտ կգրեր ու կփչացներ մեր նախատոնական տրամադրությունը: Մինչդեռ մեր հմուտ վիճակագիրները նույն փաստը հետևյալ ձևակերպումով են մատուցում. «2013-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի զիջում 2 տոկոսային կետով»: Տեսնո՞ւմ եք, թե նույն միտքը որքա՜ն նուրբ կարելի է ձևակերպել: Նուրբ, համարյա զվարճալի ու համարյա տոնական: Չնայած, որ շատ ավելի նախատոնական է մեր վիճակագիրների հրապարակած այն փաստը, որ Հայաստանի աղքատ բնակչության կեսից ավելին իրեն աղքատ չի համարում:
Ահա այսպիսի բարձր ինքնագնահատականն է այն առհավատչյան, որ ամանորյա տոները մեզանում էապես չեն տարբերվելու: Հետևեք լրատվամիջոցների տեղեկատվությանը ու կհամոզվեք, որ ջերմուկ-ծաղկաձորյան համարյա բոլոր հյուրանոցները տոնական օրերին արդեն պատվիրված-զբաղված են: Նախատոնական վարկերի ու ավանդական բդի դեմ տարվող բոլոր ճակատամարտերն ի վերջո պարտությամբ են ավարտվելու:
Մենք բավական հին ու նույնքան պահպանողական ազգ ենք: Մեր կյանքում նույնիսկ պարբերաբար կազմակերպվող ընտրություններն Ազգային ժողովի կազմը չեն փոխում: Ո՞ւր մնաց, որ մեկ-երկու հորդորով կամ մեկ-երկու տասնամյակ տևող տնտեսական ճգնաժամի պատճառով փոխենք Նոր տարին նշելու ազգային ավանդույթները: