Բաժիններ՝

Արսեն Ավակովը ջուր է լցրել Միխայիլ Սաակաշվիլիի դեմքին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից կոռուպցիայի մեղադրանքներին ի պատասխան՝ նրա դեմքին ջուր է լցրել: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում:

Վեճը տեղի է ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: Ավակովը հարցրել է Սաակաշվիլիին, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման ժամանակ հանդիպել «Ուրալխիմից» ռուս օլիգարխի հետ»:
Վերոնշյալ գործարանը Ուկրաինայի քիմիական արդյունաբերության ոլորտի խոշոր գործարաններից է:

Ավակովի խոսքով՝ Սաակաշվիլին «հիստերիայի մեջ է ընկել ու սկսել է գոռալ», որ իր հետ ոչ ոք նման տոնով խոսելու իրավունք չունի: Սաակաշվիլին Ավակովին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ, իսկ իրեն բնութագրել որպես ազնիվ մարդ:

«Ես ինձ զսպեցի, որ նրան չխփեմ, ջուր լցրեցի նրա դեմքին»,- գրել է Ավակովն ու նշել, թե ստիպված է եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ Օդեսայի մարզի նահանգապետն սկսել է իրեն վիրավորել:

«Անմեղ հարցը հիստերիկա ու վիրավորանք առաջացրեց: Գլխարկն այրվում է գողի գլխին»,- նշել է Ավակովը՝ հավելելով, թե Սաակաշվիլին որոնում է աղմկոտ պատճառ հրաժարականի համար, քանի որ իր պաշտոնում ձախողվել է:

Վեճի ականատես է դարձել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն, ով այդ մասին գրել է Facebook-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս