«Դրել ենք չափանիշներ, և յուրաքանչյուր դեպքում, փաստորեն, վարորդի նկատմամբ տուգանք չի կիրառվի»
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ էին հնչեցվել, ապա վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ էր ձևավորվել:
«Առաջին, շատ կարևոր փոփոխությունը, որ կատարվում է, այն է, որ մոտավորապես տասնյակից ավելի խախտումներ հնարավորություն է տրվում փոխարինել նախազգուշացմամբ: Սա չափազանց կարևորում եմ, որովհետև շատ իրավիճակներում կար ֆորմալ խախտումը, որն ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, բայց դա միտում չէր պարունակում:
Մենք այստեղ ներառել ենք խաչմերուկների հատման կանոնները, գծանշումների խախտումները, մոտակա կամ հեռակա լույսը փոխարինելու կանոններ. խախտումներ, որոնք յուրաքանչյուր վարորդի գործունեության ընթացքում սկզբունքորեն հանդիպում են:
Մենք չափանիշ ենք սահմանել. այն դեպքերում, երբ դա իրականում միտում չի պարունակում, վթարային իրավիճակ չի ստեղծել, հանրային վտանգավորության տեսանկյունից նվազ նշանակություն ունի, պիտի հնարավորություն ընձեռվի, որպեսզի վարորդը զգուշացվի: Այսօր այդ հնարավորությունը ստեղծված է, դրել ենք չափանիշներ, և յուրաքանչյուր դեպքում, փաստորեն, տուգանք չի կիրառվի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ խրախուսանքի երկրորդ դեպքը վերաբերում է նրան, երբ հնարավորություն է ընձեռվում տեղում վերացնել խախտումը. «Հնարավոր է, չէ՞, իրավիճակ, երբ ինչ-որ հանգամանքներից դրդված՝ մարդ մոռանա իր վարորդական վկայականը: Վարորդական վկայական ունի, նորմալ վարորդ է, պարզապես մոռացել է, խախտում է կտարել, ոստիկանը կանգնեցրել է, այդ պահին վկայականն իր մոտ չէ: Մենք այս իրավիճակում չենք տուգանելու, այլ վարորդին հնարավորություն ենք ընձեռելու, որպեսզի նա 24 ժամվա ընթացքում բերի վարորդական վկայականը և չտուգանվի: Այլ դեպքեր ևս կան՝ շատ հաճախ տեխնիկական զննության կտրոնը մոտներն է լինում, բայց փակցրած չեն լինում, կամ հաշվառման կտրոնը: Բնականաբար, եթե ոստիկանը տեսնում է, որ կանոնը խախտված է, փակցված չէ, կանգնեցնում է և պետք է տուգանի: Բայց այս դեպքերում մենք հնարավորություն ենք տալիս շտկել իրավիճակը կամ խախտումը վերացնել, և այս դեպքում ևս վարորդը չի տուգանվի»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատասխանատվություն է նախատեսվել առջևի հողմապակին թաղանթապատելու համար: Միևնույն ժամանակ, նվազեցվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը: Ավելացվել է խրախուսական նորմ, ըստ որի՝ վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչև լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը:
Արդարադատության նախարարն ասաց, որ խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները:
«Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է՝ որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը: