Ապրանքների գները Ամանորին ընդառաջ դեռ կբարձրանան. այս տարվա գնաճը մեզ մոտ 6.6% է. Արմեն Պողոսյան
«Գներին հետևելու ու գնաճը զսպելու իրավունքն ու պարտականությունը օրենքը վերապահել է ՀՀ Կենտրոնական բանկին, որը դրամի ծավալի շրջանառությամբ պետք է կարգավորի ու զսպի դա, ինչը տեսնում ենք՝ ինչպես է արվում»,-այսօրվա ասուլիսին, խոսելով նախատոնական գնաճի մասին, ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ մեր երկրում գործում է «Տնտեսական զարգացման պետական ծրագիր», որն ունի ավելի բարձր ստատուս, քան պետբյուջեն, որը կազմվում է այդ դրույթներից ելնելով.
«Այդ ծրագրում գրված է, որ գներն ու սակագները պետք է ունենան կայուն աճի տեմպ և չգերազանցեն 4.5%-ը, այս տարվա գնաճը մեզ մոտ 6.6% է, իհարկե, տարին դեռ ամփոփված չէ, բայց արդեն գերազանցել է այդ թիվը»:
Ըստ նրա՝ նախատոնական գների բարձրացումը թեև դեռ չի սկսվել, բայց կանխատեսեց, որ շուտով կսկսվի.
«Բերքառատ տարին նպաստեց, որ մրգերի գները չբարձրանան, բայց բանջարեղենի որոշ տեսակներ էլի թանկացան, ինչը Նոր տարվա առևտրի հետ այդքան էլ կապ չունի: Մեր շուկան փոքր է և առևտուր կամ արտադրություն կազմակերպող ձեռնարկությունները այդ փոքրությունեից ելնելով՝ չեն կարողանում մարկետինգն այնպես վարել, որ պատրաստ լինեն Նոր տարվան ավելի մեծ քանակով ապրանք ներկայացնել: Իսկ ավելի հեշտ է նույն քանակը վաճառել ավելի թանկ գնով, քանի որ պահանջարկը մեծանում է: Նույնիսկ կարող է զարմանալի թվալ, բայց դեկտեմբեր ամսին ապրանքները եռակի ավել են վաճառվում (մանրածախ առևտրի մասին է խոսքը), քան մյուս ամիսներին»: