Ահարոն Ադիբեկյանը տոներին ընդառաջ երկու վտանգ է կանխատեսում

«Մանդարին գնելիս սեղմեք մեջտեղի փոսիկը, եթե փափուկ է, ուրեմն՝ հասած է: Մանդարինի մեծությանը մի նայեք. ինչքան փոքր է` այնքան քաղցր է, որովհետև ջուր քիչ է ստացել»,- այսօրվա ասուլիսից առաջ, նախատոնական գնումների հետ կապված, նման խորհուրդ տվեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Անցնելով ասուլիսի բուն թեմային, նա նշեց, որ վիճակագրական տվյալներով Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը կազմում է 60 հազար դրամ, իսկ իրենց տվյալներով՝ բնակչության մոտ 90%-ի եկամուտը կազմում է դրանից ցածր.

«Բնակչության միայն 10%-ն ունի այդ նվազագույն և բարձր եկամուտը: Մենք ունենք ընտանիքներ` մոտ 30%, որոնց եկամուտը 1 շնչին կազմում է զամբյուղի 1/3-ի չափով: Աղքատությունը մեր մարզերում կազմում է 23%, հանրապետության միջինը՝ 17%: Մի քիչ լավ են ապրում մայրաքաղաքներում ու մեծ քաղաքներում: Ունևորները կազմում են 8-10%, մնացածն ապրում են բավականին համեստ ապրելակերպով: Հետևաբար, Նոր տարվա սեղանը մեծ հարված է այն ընտանիքների համար, որոնց եկամուտները բավականին ցածր են: Նրանք պարտք են վերցնում, բանկերից վարկ են վերցնում, որովհետև կա պարտադիր հյուրընկալություն»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը կբերի նրան, որ Ռուսաստանի շուկայում կսկսվի վակուում՝ հիմնականում սննդամթերքների և այն ապրանքների մասով, որոնցով Հայաստանը մրցունակ էր համարվում. «Դրանք են՝ բանջարեղենն ու միրգը: Հետևաբար՝ հիմա Հայաստանի շուկան պետք է վերակազմավորվի՝ Ռուսաստանին սպասարկելու համար: Դա միանգամից չի լինի, բայց եթե մեր ունեցած մրցունակ ապրանքը գնա Ռուսաստան, մեզ մոտ արհեստականորեն գինն ավելի կբարձրանա, քան սովորաբար բարձրանում է Նոր տարվան ընդառաջ»:

Սոցիոլոգն ընդգծեց, որ Եվրոպայում Նոր տարվա շեմին կան բավականին մեծ զեղչեր, իսկ մեզ մոտ ընդհակառակը՝ եթե մի բանը շատ է վաճառվում, ապա գինը բարձրացնում են.

«Մեզ մոտ եկամուտը գալիս է ոչ թե վաճառքի ծավալից, այլ՝ գնի բարձրացումից: Հիմա եթե տեսնում ենք զեղչեր, ուրեմն դրանք հիմնականում արդյունաբերական ապրանքների վրա են, ընդ որում՝ Արևմուտքում ամառային հագուստը ձմեռնամուտին կտրուկ էժանանում է, մեզ մոտ գները կայուն են լինում, իսկ եթե խանութը ծանր վիճակում է՝ դնում են 20-50, 50-70% զեղչեր: Փաստորեն, մեզ մոտ շուկան դեռ լիովին չի կայացել, դրա համար էլ սպառողների գրպանին բավականին մեծ հարված է հասցնում դա: Հետևաբար՝ երկու վտանգեր ունենք՝ Նոր տարվա շեմին գների արհեստական բարձրացում, դրամի փոխարժեքի նվազում»:

Տեսանյութեր

Լրահոս