«Այդ ինչո՞ւ իմ գործով մի բանը նույն ձևով չեն անուն, ինչ բոլորինը». դատարանը քննում է փաստաբանի բողոքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարան էր ներկայացրել երկու բողոք. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Երևանի դատախազի որոշման դեմ բողոքը Շենգավիթ վարչական շրջանի դատարանն ուղարկել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գտնելով, որ բողոքն ընդդատյա չէր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին: Այսօր Նիկոլայ Բաղդասարյանը դատարանից խնդրեց որոշում կայացնել վերականգնելու իր խախտված իրավունքները և օրինական շահերը՝ վերացնելով Երևանի դատախազ Ա.Դավթյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Նիկոլայ Բաղդասարյանը նախ նշեց, որ համաձայն չէ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հետ, որով բողոքն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների դեմ բողոք կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան, իսկ գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս գործը որևէ աղերս չունի Քրեական դատավարության օրենսգրքի հետ:

Նա ասաց, որ կարող է օրինակներ բերել, երբ այլ գործերով որոշումները բողոքարկվել են, բայց ըստ ընդդատության չեն ուղարկվել. «Այդ ինչո՞ւ իմ գործով մի բանը նույն ձևով չեն անուն, ինչ բոլորինը»:

Կարդացեք նաև

Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց նաև, որ քննիչը «շաբաթը երեք անգամ» իրեն հարցաքննության է կանչում, նա նշեց, որ ամբողջ քրեական գործը 2 տարի 2 ամիս է քննվել, 2 տարի է՝ իրեն մի հարց են տալիս:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների դեմ դատարան բողոքարկելու համար պետք է դիմել դատախազին, հետո միայն՝ դատարան: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ դատախազն այդ բողոքը պետք է քննության առարկա դարձնի, սակայն իր գործով բոլոր բողոքները Դատախազությունն առանց քննության է թողնում:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ այլ դեպքերում նմանատիպ բողոքները Դատախազության կողմից քննվել են ըստ էության, կայացվել որոշումները՝ բողոքները մերժելու կամ բավարարելու մասին: Ըստ փաստաբանի՝ Դատախազությունն ի պատասխան իր բողոքի՝ հայտնում է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում լիազորություն՝ այդ որոշումը վերացնելու համար: «Այ հարգելիներս, կարող եմ թվարկել 15 որոշում, օրենսգրքում գրված չէ, որ դուք կարող եք վերացնել դրանք: Դուք ինչո՞ւ եք վերացնում, հարգելի դատախազներ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ցանկացած անձ, ում իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են դատախազի որոշմամբ, կարող է բողոք ներկայացել, նրա խոսքով՝ օրենսգրքում թվարկվում են ոչ թե որոշումները, որոնք դատախազները կարող են քննության առնել, այլ սահմանվում են որոշումների տեսակները:

«Վճռաբեկ դատարանն էլ պարզաբանում է՝ եթե քրեական գործը հարուցել եք ոչ թե փաստի առթիվ, այլ անձի դեմ, նշանակում է՝ նա իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել դատարան: Դա էլ նշանակում է՝ մինչև դատարան հասնելն այդ որոշումը պետք է քննության առնվի Դատախազության կողմից»,- ասաց նա: Նիկոլայ Բաղդասարյանը մեջբերեց 2008թ. գործերից մեկով վճռաբեկ դատարանի որոշման կետերից մեկը, որի համաձայն՝ «քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության ոլորտից բացառելը միայն այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածում սահմանված չէ, որ այն կարող է բողոքարկվել դատական կարգով, թերի է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական վերահսկողության առարկա կարող են լինել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը:

Անձի իրավունքները և օրինական շահերը խախտելու դեպքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները դատական բողոքարկման առարկա լինելու հանգամանքն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքից, համաձայն որի`«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, … համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Ինչը ենթադրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նույնպես կարող է դատական բողոքարկման առարկա լինել, եթե այն խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասին, որում թվարկվում են բողոքարկման ենթակա որոշումները, որի վրա հիմնվելով՝ վերաքննիչ դատարանը հիմնավորել է իր որոշումը, ապա այն 290-րդ հոդվածի 1-ին մասի համեմատ կրում է լրացուցիչ բնույթ, քանի որ նրանում օգտագործվում է «նաև» շաղկապը, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ նրանում սպառիչ չի թվարկված դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումները: Այսպիսով` վճռաբեկ դատարանը գտնում է, որ, եթե Քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման»:

Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչեց վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշում, որի համաձայն՝ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է, գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Նիկոլայ Բաղդաարյանն ասաց նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին դատավոր Լևիկ Պողոսյանի գործով որոշման մեջ դիրքորոշում է հայտնել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում նա պետք է օգտվի որոշակի դատավարական երաշխիքներից, իսկ այն դեպքում, երբ այդ երաշխիքները չեն ապահովվի, անձը պետք է իրավունք ունենա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, քանի որ դրանով խախտվում են անձի սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերը, իսկ այդ որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է իր դեմ, ողջ որոշման մեջ խոսվում է իր գործողությունների մասին:

Բացի այդ՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եթե հայտարարություն տված անձն իր բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն 18.11.2013թ. (ինչպիսի փաստն ընդունում է Երևան քաղաքի դատախազը), իսկ իր որոշումը կայացրել է 02.12.2013թ., ապա նա բաց է թողել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները, հետևաբար՝ Երևան քաղաքի դատախազն արդեն իրավասություն չի ունեցել նման որոշում կայացնելու, հետևաբար՝ իր որոշումը վերը նշված հիմքով ևս ենթակա է վերացման:

Պարզաբանելով, թե ինչպես է ստացել փաստաթուղթը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ զանգահարել է դատավորին, հարցրել՝ արդյո՞ք կարող է վերցնել փաստաթուղթը, անհրաժե՞շտ է դիմում գրել, սակայն դատավորն ասել է՝ դիմում մի գրեք, քանի որ որոշում եմ կայացրել՝ պարտավորեցնել մարմնին որոշումն ուղարկել ձեզ: «Դատավորը որոշում է կայացնում այդ փաստաթուղթն ուղարկել Նիկոլայ Բաղդասարյանին, ինձ մեղադրում են այդ փաստաթուղթն ապօրինի ստանալու մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ փաստաբան վերցրել է փաստաթուղթը, տվել երկրորդ անձի, ով էլ փաստաթուղթը տվել է երրորդ անձի:

Դատական նիստին ներկա դատախազն առարկեց բողոքի դեմ՝ նշելով, որ այն անհիմն է, պետք է մերժվի, առհասարակ ենթակա չէ քննարկման այս ատյանում:

Ի թիվս այլ փաստարկների՝ նա նշեց, որ Նիկոլայ Բաղդասարյանը խոսեց վճռաբեկ դատարանի որոշումներից մեկի մասին, սակայն տակտիկորեն չմեջբերեց այն հատվածը, որի համաձայն՝ քրեական գործը հարուցվում է Քրեական օրենսգրքով չթույլատրված, ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի կապակցությամբ, այլ կերպ՝ փաստի առթիվ, և որևէ անձի համար քրեական դատավարությունում այն որևէ իրավական հետևանք չի առաջացնում, ուստի և քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ քրեական դատավարությունում որևէ մեկի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում, քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող:

Ըստ նրա՝ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ: Նրա խոսքով՝ հայտարարություն տված անձի բողոքը քննարկվել է համապատասխան դատախազական ստորաբաժանում մուտքագրվելու 7-օրյա ժամկետի պահպանմամբ:

Տեսանյութեր

Լրահոս