ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ռուս ուսանողուհին հրաժարվել է իր փաստաբաններից
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հրաժարվել է իր 4 փաստաբաններից 2-ից, հայտնում է RIA Novosti-ն:
Մոսկվայի քաղաքայի դատարանի նիստում Կարաուլովան հայտարարել է, որ իրեն բավարարում են Սերգեյ Բադամիշինի ու Գաջի Ալիևի ծառայությունները, իսկ Ալեքսանդր Կարաբանովն ու Ալեքսեյ Նոսկովն իրեն հարկավոր չեն:
«Ես վստահ եմ, որ իմ պաշտպանյալն ամբողջությամբ իրեն հաշիվ չի տալիս, նրա գիտակցության հետ որոշակի մանիպուլյացիաներ են անցկացվել»,- հայտարարել է Կարաբանովը:
Փաստաբանի խոսքով՝ աղջկա վրա ճնշում են գործադրում «բանտից ինչ-որ մարդիկ», սակայն աղջիկը հայտարարել է, թե դա այդպես չէ:
Ավելի վաղ Կարաուլովային մեղադրանք է առաջադրվել ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, աղջիկն ընդունել է իր մեղքը:
Հիշեցնենք, որ Վարվառա Կարաուլովային սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում ԴԱԻՇ-ի շարքերն անդամակցելու փորձի համար:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին ու 205.5 հոդվածի 2-րդ մասերով կատարած հանցագործությունների մեջ, այն է՝ առնչություն ՌԴ-ում ահաբեկչական համարվող կազմակերպության գործունեությանը:
Հիշեցնենք, որ ռուս ուսանողուհին տանից հեռացել էր այս տարվա մայիսի 27-ին՝ ասելով, թե գնում է համալսարան, սակայն հարազատներից գաղտնի ուղևորվել էր Ստամբուլ:
Ինտերպոլի թուրքական բաժնի աշխատակիցները նրան ու ՌԴ-ի ևս 12 քաղաքացու հունիսի 4-ին ձերբակալել էին սահմանը հատելիս: Համարվում է, որ նրանք ժամանել էին Թուրքիա՝ նպատակ ունենալով հատել Սիրիայի հետ հարավային սահմանն ու միանալ զինյալներին:
Աղջիկը հունիսի 12-ին վերադարձել էր Ստամբուլից: