Տուլայում վթարված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. հարցաքննություն
Տուլայում կողաշրջված ավտոբուսի վարորդը եղել է սթափ: Դա պարզվել է ՃՏՊ-ի ականատեսների ու երկու վարորդների հարցաքննության ընթացքում, հայտնում է vesti.ru-ն:
Նրանցից մեկը՝ 44-ամյա վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, նախկինում ադմինիստրատիվ պատասխանատվության է ենթարկվել անսարքություն ունեցող ավտոբուս վարելու համար, որի ընթացքում տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվում է:
Ներկայում շարունակվում են միջոցառումները՝ ուղղված այսօր Տուլայի մարզի «Դոն» ավտոմայրուղու 221-րդ կիլոմետրին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվող Hyundai ուղևորատար ավտոբուսի վթարի պատճառների բացահայտմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը, քրեական գործ է հարուցվել «Երթևեկության կանոնների խախտում ու տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշաբար դարձել է 2 ու ավելի անձանց մահվան պատճառ» հոդվածով: