«Իշխանության տարբեր թևերի մեջ ուժեղանում է համագործակցության, բանակցելու, զսպաշապիկների հնարավորությունը». Մկրտիչ Մինասյան

«Ե՛վ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցները նախապատրաստական փուլն ավարտեցին ու սկսում են քարոզչական աշխատանքը: ՀՀԿ-ն ինքնուրույն է վարում իր «այո»-ի քարոզչությունը. ստեղծվել է ինչպես՝ կենտրոնական շտաբ, այնպես էլ՝ տարածքային և համայնքային շտաբներ, որտեղ մեր կադրերի միջոցով փորձելու ենք հանրությանը տեղեկացնել «այո»-ի առավելությունների և սահմանադրական բարեփոխումների ամբողջ ընթացքի ու իմաստի մասին, թե ի՞նչ է տալու մեր ժողովրդին, և կառավարման ինչպիսի՞ համակարգ է ձևավորվելու, այդ համակարգն ավելի արդյունավե՞տ է գործելու, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա նշեց, որ նույնը, բայց բացասական իմաստով, իրականացնելու են «ոչ»-ի կողմնակիցները. «Դա իրենց իրավունքն ու խնդիրն է: Մեզ հետ «այո» ասող Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն առանձին են իրենց շտաբները ձևավորել, և իրենց քարոզչական աշխատանքն առանձին են կազմակերպում, ինչն օրենքի ու տրամաբանության սահմաններում է»:

Պատգամավորն ընդգծեց, որ ժողովրդին պետք է բացեիբաց տեղեկացնել, թե ի՞նչ են սահմանադրական բարեփոխումները, ինչպիսի՞ առավելություն են տալու մեր ժողովրդին, մեր երկրին, մեր կառավարման համակարգին, և ինչպիսի՞ լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում հանրության և իշխանությունների միջև՝ հետադարձ կապն ավելի ամուր և ուժեղ դարձնելու համար. «Միանշանակ է, որ իշխանության տարբեր թևերի մեջ ուժեղանում է համագործակցության, բանակցելու, զսպաշապիկների հնարավորությունը և կոլեգիալ որոշումներ ընդունելու հնարավորությունը:

Ավելին, հնարավորություն է ստեղծվում համագործակցելու ոչ միայն՝ իշխանամետ ուժերի հետ, այլ նաև՝ պարտադիր է դառնում առանձին հարցեր քննարկելիս, սահմանադրական առանձին խնդիրներ լուծելիս՝ նաև համագործակցել, բանակցել, քննարկել նաև ընդդիմադիր դաշտի հետ, որովհետև կան լուծումներ, որոնք նոր Սահմանադրությամբ պահանջում են, փաստորեն, որակյալ մեծամասնության խնդիր, իսկ որակյալ մեծամասնություն կարող է ձևավորվել միայն իշխանության և ոչ իշխանական ուժերի համագործակցությունից, համաձայնության գալուց»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս