«Պրախոդ տալու» փիլիսոփայությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոչ խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մենք մեր բանավոր եւ, ցավոք, նաեւ գրավոր խոսքում հաճախ ենք օգտագործում օտար ու բավականին տգեղ բառեր: Դրանք սովորաբար ինչ-որ երանգ են ավելացնում մեր խոսքին: Օրինակ՝ երբ պատգամավորները խորհրդարանում չափից դուրս կրքոտ են վիճում, մենք դա անվանում ենք «ռազբորկա» կամ ավելի գունեղ՝ «կիլդիմ»: Կամ՝ երբ մի գործիչը մյուսի հասցեին փիս-փիս բառեր է ասում, մենք սպասում ենք, որ այդ բառերի հասցեատերը «աբառոտկա կֆռա»:
Երբ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, եւ որեւէ մեկի կողմից չի վերահսկվում եւ չի սահմանափակվում (իսկ առնվազն 20 տարի հենց դա է տեղի ունենում), մենք դա կոչում ենք «բեսպրեդել»: Եթե որեւէ մեկն իշխանություն կամ հարստություն ուներ, բայց այս կամ այն պատճառով այն կորցրել է ու շատ է նեղվում այդ հանգամանքից, այդպիսի մարդուն ընդունված է անվանել «աբիժնիկ»: Իհարկե, այդ բառերը գեղագիտական բարձր մակարդակով չեն փայլում, դրանց մեջ, իմ կարծիքով, նույնիսկ որոշակի «քրեական» երանգ կա, եւ լեզվի անաղարտության կողմնակիցները իրավացիորեն են դրանց դեմ բողոքում: Բայց, մասնավորապես, մենք՝ լրագրողներս, նման «հնարքների» ենք դիմում, որովհետեւ այս բառերի հայերեն, գրական համարժեքները չափից դուրս «չեզոք են», չեն պարունակում գնահատական եւ վերաբերմունք, չեն բնութագրում այն մշակութային միջավայրը, որի մասին մենք գրում ենք:
Այս տեսակի բառերի շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «պրախոդ»-ը: Իհարկե, կարելի է օգտագործել «թույլտվություն», «արտոնություն», «հովանավորչություն» կամ, ծայրահեղ դեպքում, «պրոտեկցիոնիզմ» բառը, որը թեեւ օտարածին է, բայց «կուլտուրական»: Սակայն, համաձայնեք, «պրախոդ տալը» զուտ հովանավորելը, արտոնելը, թույլատրելը չի: Դա ավելին է. մեր եւ ցանկացած այլ «հետխորհրդային» իրականության մեջ «պրախոդ տալը» նշանակում է՝ ղեկավարվելով ոչ օբյեկտիվ, անձնական, խմբակային կամ զուտ նյութական շահերով (նախասիրություններով)՝ ապօրինի արտոնություններ տալ այն տնտեսական միավորին կամ գործարարին, որը այլ, նորմալ, մցակցային պայմաններում այդ արտոնությունը չէր ունենա: Եվ հակառակը՝ եթե քեզ չի հաջողվել «հանդիպել» (այդ բառի լայն, այլաբանական իմաստով) «պրախոդ տվողին», ապա, անկախ քո ունակություններից, տապալումն ապահովված է: Ավելի լայն իմաստով, դա կարող է վերաբերել նաեւ այլ՝ ոչ տնտեսական բնագավառներին: Օրինակ՝ կրթությանը, մշակույթին: «Պրախոդ տալու» մեջ, ինչպես տեսնում եք, մի ամբողջ փիլիսոփայություն է թաքնված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: