«Այսօր վիճակն ավելի վատ է, քան Կոմունիստական միության ժամանակ». Սոս Գիմիշյան
«Այս գործող իշխանությունը գործող Սահմանադրությունը չի պահպանել. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում մի քանի տեղ գրել է, որ այս Սահմանադրությունը չի գործել, ու մեղքն իշխանությանն է: Ու եթե այս նույն իշխանությունը նոր Սահմանադրություն է բերում, չկա վստահություն, որ այդ Սահմանադրությունը կգործի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ի առջև ծառացած են մի շարք խնդիրներ՝ արտագաղթ, կոռուպցիա, քրեաօլիգարխիկ համակարգ, ու դրանց անդրադարձ ընդհանրապես չկա այս նոր Սահմանադրության մեջ. «Ես պայքարել եմ Սովետական Միության դեմ, բայց այսօր վիճակն ավելի վատ է, քան Կոմունիստական միության ժամանակ: Այս Սահմանադրությունը որևիցե խնդիր չի լուծում»:
Ս. Գիմիշյանը կարծում է՝ Սահմանադրության նախագծի մեջ շեշտը դրված է կրոնական կառույցների իրավահավասարության և ազատ գործելու վրա, իսկ դա կարող է քանդել ազգի սեփական հոգևորը. «Այս վերջերս պետռեգիստրում գրանցվեց «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որը նշանակում է՝ դա մասնավոր սեփականություն է, ու այն, ինչ ասես, կարող է լինել»:
Ս. Գիմիշյանը նաև վտանգավոր է համարում այն, որ, ըստ նրա՝ այս նախագծով ամբողջանում է արտաքին կառավարումը. «Բազմաթիվ դրույթներ կան, որ դրսի ուժերն են որոշում, թե ինչպես ենք մենք ապրելու»: