Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերի քանակը նվազել է

Մեր բնակչության շրջանում մեծ արձագանք է ստացել 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սոցիալական կարևոր նշանակության այս ծրագիրը հանրության կողմից ստացել է կյանք փրկող ծրագիր անվանումը, ինչն ամբողջ աշխարհում հենց այդպես էլ կոչվում է` «Stent for life»։

Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի արդյունքները տպավորիչ են։

2014թ. հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է սրտի իշեմիկ հիվանդությունների և սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահվան 7349դեպք, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928։ Մահվան դեպքերի քանակը նվազել է 421-ով: Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից 2014թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը մահվան դեպքերը կազմել են 4740, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում` 4424 կամ նվազել է 316 դեպքով:

Նշենք, որ ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում իրականացվող բժշկական ծառայության որակին և դրա համապատասխանությանը նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին։ Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական 10 կազմակերպությունում («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», Գյումրի, Գորիսի բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ») բժշկական օգնության և սպասարկման որակը և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ։

Նշենք, որ սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրման ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից։

Տեսանյութեր

Լրահոս