Որքան էլ ցինիկ հնչի, «հոկտեմբերի 27-ը» «բրենդ է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Չեմ ուզում երկար գրել «հոկտեմբերի 27-ի» մասին: Տարին մեկ անգամ դրա մասին խոսելը դարձել է ավանդույթ՝ «ապրիլի 24-ի» կամ «մարտի 1-ի» նման: Բոլոր անպատասխան հարցադրումները հայտնի են՝ դրանք 16-րդ անգամ հնչեցնելը որեւէ նոր տեղեկատվություն չի ավելացնում: Այսօր, իհարկե, կայքերը կհրապարակեն նյութեր, որոնց վերնագիրը լինելու է մոտավորապես այսպես՝ «նոր, սենսացիոն բացահայտումներ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ»: Գուցե կգտնվեն միամիտներ, որոնք նման վերնագրի տակ զետեղված նյութը կբացեն: Ինչ արած, որքան էլ ցինիկ հնչի, «հոկտեմբերի 27-ը» «բրենդ է» (թվարկած մյուս երկուսի նման), ողբերգական, արյունալի, բայց՝ «բրենդ», որի վրա հնարավոր է մի քանի հատ «քլիք» աշխատել: Միակ բանը, որի մասին կարելի խոսել հստակ եւ առանց կասկածելու, հետեւյալն է. ո՞վ է շահել այս, տվյալ դեպքում՝ ողբերգական իրադարձություններից: Կարծում եմ՝ երեք դեպքում էլ դժվար չէ պատասխանել այդ հարցերին: Իհարկե, շատ ցանկալի է տիրապետել երեւույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, բայց եթե դա (հուսանք՝ առայժմ) հնարավոր չէ, կարելի է դատել ըստ արդյունքների:

Օրինակ՝ կոնկրետ «հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ երբեմն ասվում էր, որ այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը շատ մոտ էր գործի կազմակերպիչների բացահայտմանը, բայց Ռոբերտ Քոչարյանը նրան խանգարեց: Նախ՝ եթե նրանց մեջ նման խորը հակասություններ կային, ապա ինչո՞ւ որոշ ժամանակ անց Ջհանգիրյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Բայց եթե նույնիսկ այդ վարկածը ճիշտ է, միեւնույն է՝ կյանքում, ինչպես սպորտում, «քիչ էր մնում»-ը հաշիվ չի՝ դու կամ խփում ես գոլը, կամ չես խփում: Հետադարձ հայացքը եւ մտատանջությունները՝ «եթե այդպես լիներ, ապա այսպես կլիներ», ունեն զուտ տեսական նշանակություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս