Բաքվում պատգամավորության թեկնածու է անհետացել
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացել է «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով նրա կնոջը՝ Այսել Ալիզադեն:
Կնոջ խոսքով՝ ինքը չգիտի, թե որտեղ ու երբ է անհետացել իր ամուսինը:
«Ես ոստիկանությանը տեղեկացրել եմ նրա անհետացման մասին, ընթանում են որոնողական աշխատանքներ»,- ասել է նա:
«Մենք զանգել ենք նրա բոլոր ընկերներին, սակայն ապարդյուն»,- ասել է Ալիզադեն:
Այսելը նաև պատգամավորության թեկնածու է թիվ 8 Բինագադինյան առաջին ընտրական շրջանում: Ռամին Հաջիլին ի կնոջ վստահված անձն է:
«Երեկ ինձ զանգահարեցին Բինագադինյան առաջին ընտրական շրջանից՝ հայտնելով, որ Ռամինը պետք է իրենց փաստաթուղթ ներկայացներ: Ես զանգահարեցի, սակայն չկարողացա կապ հաստատել նրա հետ: Նա սովորաբար երբեք հեռախոսը չի անջատում: Ես սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ անց նորից զանգահարեցի, սակայն հեռախոսը դարձյալ անջատված էր»,- հայտնել է կինը:
Նշենք, որ Ռամինը հոկտեմբերի 25-ին Facebook-ի իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմում է հրապարակել: Դիմումի մեջ ասվում է երիտասարդության պոտենցյալի օգտագործման անհրաժեշտության մասին, որպեսզի վերջ տրվի երկրում կոռուպցիային ու կաշառակերությանը:
Դիմումի մեջ նաև ասվում է, որ տեղի իշխանությունների պոտենցյալը օգտագործվում է իշխող կուսակցության թեկնածուի օգտին:
Նա խնդրել էր Ալիևի օգնությունը դրան վերջ տալու համար: Դիմումը հրապարակելուց կես ժամ անց Հաջիլին անհետացել էր: