«7.5 հազար հոգով գայինք Գալուստ Սահակյանի հետ հանդիպման, կվախենար, կփախչեր». Անդրիաս Ղուկասյան
«Մենք մեր դիրքորոշումների մեջ կախված չենք «Հիմնադիր խորհրդարանի» դիրքորոշումներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Հիշեցնենք, որ այսօր Ա. Ղուկասյանն ԱԺ շենքի դիմաց նստացույց է սկսել, որպեսզի ԱԺ նախագահն արձագանքի իր պահանջներին: Պահանջները հետևյալն են՝ քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, կառավարության կատարած ծախսերը, և հրապարակել 2012-13 թվականներին հանրապետությունից բացակայած անձանց անունները: Ինչպես հայտնի է, «Հիմնադիր խորհրդարանը», որի անդամների հետ միասին Ա. Ղուկասյանը գտնվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում, դեմ է պայքարի նման միջոցներին, սակայն, Ա. Ղուկասյանի խոսքով՝ իրենք կախված չեն «Հիմնադիր խորհրդարանի» դիրքորոշումներից:
«Մեր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին անդամակցելն ի սկզբանե պայմանավորված էր երկու պայմանով, որ մենք ազատ ենք մեր գործողությունների մեջ, ու երբ մենք հարկ կհամարենք դուրս գալ այդ ճակատից, մենք ազատ ենք դուրս գալու, ու մեր գործընկերներից ոչ մեկը մեզնից չի նեղանալու»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Նա հայտարարեց, որ 7500 քաղաքացի մեկուկես ամսվա ընթացքում ստորագրել են նախագահ Սերժ Սարգսյանին իմփիչմենտի ենթարկելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: 168.am-ի հարցին, թե այդ 7500-ից ինչո՞ւ եք միայն 6 հոգով այստեղ՝ ԱԺ-ի մոտ նստացույց անում, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «7.5 հազար հոգով գայի՞նք Գալուստ Սահակյանի հետ հանդիպման, եթե 7.5 հազար հոգով գայինք, կվախենար, կփախչեր: Յուրաքանչյուր գործողություն պետք է կազմակերպել այն ողջամիտ թվաքանակով մարդկանցով, որն անհրաժեշտ է: Մենք եկել ենք հանդիպում պահանջելու, եկել ենք 7.5 հազար մարդկանց ստորագրություն հանձնելու, բացի դրանից՝ օրենքը սահմանում է, որ մինչև 100 հոգանոց բողոքի ակցիան կարող է տեղի ունենալ առանց իրազեկման, ու մենք էլ չենք իրազեկել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մենք արդյո՞ք ունենք ռեսուրսներ ավելի մեծաթիվ մարդկանցով ակցիաներ կազմակերպելու, այո, ունենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: