Բաժիններ՝

Վրաստանում սկսվել է պետական հեղաշրջում նախապատրաստելու գործի հետաքննությունը

Վրաստանի քննչական մարմիններն սկսել են հետաքննել դավադրությունը, որի մասնակիցները, ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիան ճեպազրույցի ժամանակ, պլանավորել էին պետական իշխանության տապալում:

Հաղորդվում է, որ սկսվել է «դավադրություն իշխանությունը զավթելու նպատակով» հոդվածով հետաքննությունը, տեղեկացնում է Interfax-ը:

Իզորիայի խոսքով՝ հետաքննությունը հենվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վրա, որոնք անցկացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը՝ հենվելով ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունների վրա:

Իզորիան չի մանրամասնել, թե ինչ տեղեկությունների ու ինչ ԶԼՄ-ների մասինէ խոսքը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կապված ստեղծված իրավիճակի հետ, կդիմի անվտանգության արտակարգ միջոցառումների՝ ապահովելու բնակչության անվտանգությունը:

«Մասնավորապես, այն տարածքներում, որոնք հարակից են «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, կտեղադրվեն տեսահսկման սարքեր, որոնց միջոցով կկատարվի 24-ժամյա մոնիթորինգ»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Բացի այդ՝ հեռուստաալիքի հարևանությամբ շուրջօրյա պարեկային հսկողություն կսահմանվի՝ ապահովելու քաղաքացիների, այդ թվում՝ հեռուստաալիքի աշխատակիցների անվտանգությունը:

Նախօրեին ուկրաինական ԶԼՄ-ների կողմից տեղեկություն է տարածվել, որ հոկտեմբերի 22-ին Ստամբուլի օդանավակայանում հանդիպել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և Վրաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիան, ովքեր իբր քննարկել են մոտ օրերս Վրաստանում ակցիաների ժամանակ հեղաշրջում կատարելու պլանը` որպես աջակցություն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Հաղորդվում է նաև, որ Գիգի Բոկերիային հարցաքննության են կանչել Վրաստանի պետական անվտանգության ծառայություն: Բոկերիան հարցաքննվելու է որպես վկա:

«Ռուսթավի-2»-ը համարվում է Վրաստանի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկը, որը իշխանությունների նկատմամբ չափազանց քննադատական վերաբերմունք ունի:
Ներկայում հեռուստաընկերության շուրջ ընթանում է դատական վեճ, որը նախաձեռնել է ալիքի նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին:

Նա փորձում է վերադարձնել մասնաբաժինները հեռուստաալիքում, որից, նրա խոսքով, նախկին իշխանությունների օրոք ինքը ստիպված է եղել ճնշման տակ հրաժարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս