Քաղաքական ճգնաժամ Վրաստանում. երկրի նախագահը մեղադրում է վարչապետին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտակարգ հայտարարություն է արել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող լարվածության, «Միացյալ ազգային շարժման« գրասենյակների վրա կատարված հարձակումների ու այն գործընթացների վերաբերյալ, որոնք կարող են խաթարել կայունությունը երկրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունը իրավիճակը լիցքաթափելու փոխարեն մեծ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ բարդ իրավիճակում:
Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ վերջին օրերի գործընթացները նախապայմաններ են ստեղծել երկրում սահմանադրական կարգի խախտման ու քաղաքացիական հակամարտության համար:
«Սահմանադրության պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, առաջին հերթին՝ Վրաստանի իշխանությունների: Ցավոք, Վրաստանի կառավարության ղեկավարի այսօրվա հայտարարությունը, իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, ավելի շատ լարվածություն է առաջացել ստեղծված իրավիճակում: Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կտրուկ քայլերից ու զսպել զգացումները:
Կոչ եմ անում դատավորին չկայացնել կոշտ ու հապճեպ որոշումներ, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սկսում եմ խորհրդատվությունները քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկրում պահպանենք քաղաքացիական կայունությունը, խաղաղությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է կատարել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին իշխանություններն արժանի են ժողովրդի կողմից դատաստան տեսնելու:
«Նրանք պետք է շնորհակալ լինեն այն բանի համար, որ ժողովուրդը այդ 3 տարվա ընթացքում նրանց հետ չարեց այն, ինչ տեղի է ունենում այդ տեսանյութում: Հնարավոր է՝ ես կոպիտ կթվամ, բայց նրանք դրան արժանի են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա նաև «հնարավոր սադրանք» է անվանել «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի երեկ կատարած հայտարարությունը շանտաժի մասին, թեև դատախազությանը հանձնարարել է հետաքննել այդ գործը: