Դավութօղլուն մաղթել է Ասադին՝ ընդմիշտ մնալ Ռուսաստանում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանում մնար ու «իր մարդկանց հանգիստ թողներ»: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք կարծում ենք, որ սիրիական կառավարությունն այլևս լեգիտիմ չէ, ու մեր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ չի փոխվել: Սիրիայում պետք է սկսվի անցումային շրջան, որը կապահովի Ասադի հրաժարականը»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նրա կարծիքով՝ Ասադի ուղևորությունը Մոսկվա վկայում է Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերվող ակնհայտ աջակցության մասին:
«Ի՞նչ կարող եմ ես ասել: Եթե նա կարողանար երկար մնալ Մոսկվայում, որպեսզի սիրիացի ժողովուրդը կարողանար հանգիստ լինել կամ նա կարող էր այնտեղ ընդմիշտ մնալ ու այդ ժամանակ կսկսվեր անցումային շրջան»,- հավելել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այց է կատարել Մոսկվա: Ասադի այցի մասին հայտնի է դարձել այսօր, երբ նա արդեն Դամասկոսում էր: