Բաժիններ՝

Դատախազի վարորդը խաբեությամբ յուրացրել է ավտոմեքենա և գումար

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սուրեն Պետրոսյանը Կարեն Խ.-ից վերցրել և տևական ժամանակ շահագործել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Ս. Պետրոսյանը իրեն վստահված խոշոր չափի` 2 մլն. 142 հազ. ՀՀ դրամ արժողությամբ հիշյալ ավտոմեքենան վաճառել է և դրա դիմաց ստացված 1 մլն. 20 հազ. ՀՀ դրամը ծախսել անձնական կարիքների համար:

Բացի այդ, Սուրեն Պետրոսյանը Անի Շ.-ի դստերը բժշկական կենտրոնում որպես բուժքույր աշխատանքի տեղավորելու հարցը կարգավորելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերին վերջինիցս պահանջել և ստացել է խոշոր չափի` 1 մլն 17 հազ. ՀՀ դրամ գումար, սակայն որևէ գործողություն չկատարելով` գումարը հափշտակել է:

Բացի այդ, Ս. Պետրոսյանը, օգտվելով Արամ Ն.-ի մոտ իր հանդեպ ձևավորված վստահությունից, 2014 թվականի հունիսին խոստացել է իրականում իրեն չպատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վաճառել Արամ Ն.-ին և նույն թվականի հունիսից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, այդ պատրվակով վերջինիցս որպես մեքենայի արժեք մաս-մաս խաբեությամբ ստացել ու հափշտակել է խոշոր չափի` 1 մլն. 300 հազ. ՀՀ դրամ գումար:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ստեփան Դ.-ն իմանալով, որ Ս.Պետրոսյանը դատախազի վարորդ է, դիմել է նրան` խնդրելով օգնել իր ծանոթ Նվեր Հ.-ին` դատարան ուղարկված քրեական գործով ազատազրկման չդատապարտվելու հարցում: Ս. Պետրոսյանը, չարաշահելով իր հանդեպ ձևավորված վստահությունը, Նվեր Հ.-ին ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկելու հարցի դրական լուծմանն աջակցելու պատրվակով 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Սուրեն Դ.-ից խաբեությամբ ստացել ու խարդախությամբ հափշտակել է 3 մլն. 300 հազ. ՀՀ դրամ գումար: Շարունակելով իրագործել հափշտակության միասնական նպատակը` 2014 թվականի մայիսին նույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանում, իբր, առաջացած խնդիրները հարթելու պատրվակով Սուրեն Դ.-ից խաբեությամբ ստացել և հափշտակել է ևս 620 հազ. ՀՀ դրամ գումար` ընդհանուր առմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի` շուրջ 4 մլն. ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Ս. Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսին Ստեփան Դ.-ին հայտնել է, թե դատախազի կողմից նոր ավտոմեքենա գնելու համար, իբր, վերջինիս 1000 ԱՄՆ դոլար գումար է անհրաժեշտ: Ս. Պետրոսյանը խաբեությամբ Ստեփան Դ.-ին հայտնել է, թե հիշյալ գումարը հետագայում, պատճառված գույքային վնասի հատուցման ժամանակ, կվերադարձվի նրան, և այդ պատրվակով 2014 թվականի օգոստոսին Սուրեն Պետրոսյանը Ստեփան Դ.-ից ստացել է զգալի չափի՝ 400 հազ. ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել այն:

Այնուհետև Ս. Պետրոսյանը Ստեփան Դ.-ին պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասը վերականգնելուն աջակցելու պատրվակով, չարաշահելով իր հանդեպ ձևավորված վստահությունը, Ստեփան Դ.-ից, վերջինիս եղբորից և ծանոթներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1 մլն 870 հազ. ՀՀ դրամ գումար:

Սուրեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս